Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամենամեծ հիասթափությունը կապված էր Ստեփանակերտի հետ»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
dolukhanyan

«Սեպտեմբերի 13-ին Արցախում կայացած համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններում իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից զանգվածային ընտրակեղծիքների դիմելու կարիք չի եղել, քանի որ ՏԻՄ ընտրություններում մրցակցությունն ավանդաբար ցածր է լինում և կեղծիքների դիմելու կարիք էլ չի լինում»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության համակիր Վլադիմիր Դոլուխանյանը: Ըստ նրա՝ այս ընտրություններում մրցակցության պակասը կապված է եղել կուսակցությունների պասիվության հետ. «Ամենամեծ հիասթափությունը կապված էր Ստեփանակերտի հետ, որտեղ իշխող ուժի թեկնածու Սուրեն Գրիգորյանն ընտրվեց այնպես, ինչպես օրինակ՝ Արտաշատի ընտրությունն էր: Նրա դեմ ձևականորեն առաջադրվել էր Կոմկուսից մեկ թեկնածու»,- նշում է պարոն Դոլուխանյանը: Իսկ ինչո՞ւ ընդդիմադիր «Ազգային վերածնունդը» թեկնածու չէր առաջադրել մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունում, նա պատասխանում է. «Դա կապված է ռեսուրսների սղության հետ, սակայն մենք թեկնածուներ ունենք առաջադրած ավագանու ընտրություններում, Ստեփանակերտում 51 առաջադրված թեկնածու կա՝ 15 տեղի համար»: Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը չնայած չի խոսում զանգվածային կեղծիքների մասին, ինչպես հաղորդում էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնուամենայնիվ՝ ամեն ինչ չի, որ հարթ է ընթացել. «Իշխող «Ազատ հայրենիքը» ամբողջովին օգտագործել է իր տիրապետած վարչական ռեսուրսները՝ ընտրություններում առավելություն ստանալու համար: Խոշոր գործարանների, հիմնարկությունների ներկայացուցիչների առաջադրել են թեկնածուներ՝ փորձելով նաև այդ հիմնարկների աշխատողների ձայներն ստանալ»։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններում՝ Մարտունիում, Մարտակերտում, Շուշիում, Ասկերանում, Հադրութում, Քաշաթաղում, Շահումյանում, ինչպես նաև մայրաքաղաք Ստեփանակերտում համայնքի ղեկավար և ավագանու անդամների ընտրություններ են տեղի ունեցել: