Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայոց լեզվի ուսուցիչն էլ գլուխ չի հանի Սահմանադրության տեքստից. փաստաբան (տեսանյութ)

Քաղաքականություն
Sahmanadrutyun

Հայաստանում այսօր սահմանադրական բարեփոխումների օրակարգ չկա. սա քաղաքական օրակարգ է, եւ հանրությունը դրա կարիքը չունի։ Կարծում Է փաստաբան Արայիկ Պապիկյանը. «Հասարակությունն իր օրակարգում չունի սահմանադրության բարեփոխումների խնդիր։ Նոր համակարգին անցնելու դեպքում մեր ամբողջ օրենսդրությունը պետք է փոխենք։ Ես կարծում եմ՝ սա նոր սահմանադրության ընդունում է, ոչ թե փոփոխություն»։ Բանախոսը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների բոլոր քննարկումները ծավալվում են կառավարման համակարգի փոփոխության շուրջ. «Ոչ մեկ չի անդրադառնում սահմանադրության առաջին եւ երկրորդ գլուխներին։ Եթե մարդու իրավունքները հստակ ամրագրված չէ, ապա անիմաստ է սահմանադրական փոփոխությունների մասին խոսել»։ Փաստաբանը նշում է նաեւ, որ սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Բայց այս ձեւակերպումը նախագծում չկա. «Սահմանադրության նորմերը ոչ միայն իրավաբանական բարձրագույն ուժ չունեն, այլև անմիջականորեն չեն գործում։ Հանձնաժողովը իր հիմնավորումներում նշում է, որ սա պայմանավորված է երրորդ անձանց իրավունքներով, բայց ես հարգում եմ մասնագիտական հանձնաժողովին եւ կասկածի տակ չդնելով՝ ինձ թույլ եմ տալիս չհամաձայնել այդ հիմնավորման հետ, որովհետև դա քաղաքական հիմնավորում է, ոչ թե իրավաբանական: Սահմանադրությունը համաձայնություն է հանրության և իշխանության միջև և այստեղ երրորդ անձ չկա։ Հանձնաժողովի կողմից տրված հիմնավորման տակ թաքնված է քաղաքական ենթատեքստ, ոչ թե իրավական»։ Մեր այն հարցին, թե ինչի հետ է կապված այն, որ հուլիսի վերջին Վենետիկի հանձնաժողովը ՀՀ նոր սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ սկզբունքային տարաձայնություններ էր ներկայացրել, մինչդեռ հիմա նշում են, որ քննարկվող նախագծի կապակցությամբ սկզբունքային տարաձայնություններ չկան, բանախոսն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքներն իրեն չեն հետաքրքրում, կարեւորը՝ սահմանադրական փոփոխությունները ի օգուտ հանրության լինեն։ Փաստաբանը նաեւ զարմանում է, թե ինչպիսի լեզվական սխալներով է գրված նոր նախագիծը. «Եթե հայոց լեզվի ուսուցչի տանք, չեմ պատկերացնում, թե ինչ կանի»։