Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« Երեւանի տերը Մայրապետյանը չէ». բողոքի ակցիա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
akcia-1

Մոտ 18 հազար ստորագրություն՝ Երեւանի Կենտրոնի Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի պահպանման համար։ Տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել դեռ 2007 թ-ին։ Բնակիչները չէին սպասում, որ մարդիկ ստորագրահավաքին մեծ ակտիվությամբ կմասնակցեն։ Համոզված են, որ միայն Սերժ Սարգսյանը կարող է լուծել իրենց խնդիրը, սակայն հարցը այլ կերպ է ներկայացվում նրան։ Բնակիչ Վարդան Գերավետյանն առաջարկում է. «Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերը պահպանել որպես պատմական շենքեր, կազմել երեսպատման, բարեկարգման ծրագիր, անցկացնել հանրային եւ ճարտարապետական քննարկում»։ Հավաքված ստորագրությունները եւ իրենց խնդիրները մեկ անգամ եւս բարձրաձայնելու համար մոտ երկու տասնյակ բնակիչներ երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր։ Նրանք գնում են բողոքելու նաեւ տարածքի ձեռքբերողից՝ Սամվել Մայրապետյանից. «Միայն Մայրապետյանով Երեւան չի կառուցվում եւ Երեւանի տերը Մայրապետյանը չէ, ինքը չի որոշում՝ որտեղ ինչ պետք է կառուցվի։ Եթե ուզում է մի քաղաք սարքի, որ իրեն հարիր եւ հարմար է, փառք Աստծո՝ քաղաքից դուրս լիքը տարածքներ կան, ոնց որ Վահագնի թաղամասը  թող սարքի Մայրապետավան։»,-ասում է բնակիչ Վարդան Գաբրիելյանը։ akcia Բնակիչներն ահազանգում են ՝ Սամվել Մայրապետյանի առաջարկած գումարը երեք անգամ պակաս է իրենց բնակարանների իրական արժեքից։ Իսկ դատարաններն էլ կամայական մոտեցում են ցուցաբերում եւ առանց փաստաբանների տներից վտարման որոշումներ են կայացնում.«Բնակարանի սեփականատեր են 5 անձիք, որից երկու հոգին մահացած են, հիմա իրենց նկատմամբ էլ է դատավճիռ կայացվել »,-ասում է բնակիչներից Արթուր Այվազյանը։ Բնակիչները հավաքված ստորագրությունները եւ առաջարկությունը ներկայացրին նախագահական նստավայր, որտեղից խոստացան ուսումնասիրել խնդիրը։