Քրիստինե Խանումյան. «Արթուր Ալեքսանյանը պետք է խոսի» (տեսանյութ)
Ընդդիմադիր լրատվական կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանին սպառնում է տուգանք աշխատավարձի երեքհարյուրից հինգհարյուրապատիկի չափով կամ առնվազն երկու տարվա ազատազրկում աղբյուրը բացահայտելու դատական որոշումը չկատարելու համար. «-Ես ղարաբաղյան պատերազմ եմ տեսել եւ երկար տարիներ ապրել եմ ռմբակոծությունների ներքո։ Ինձ ադրբեջանցիները չեն վախեցրել եւ ինձ թվում է պատերազմ տեսած մարդուն այդքան էլ հեշտ չէ վախեցնելը այդ թվում ազատազրկմամբ», ասում է «Ilur.am» կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանը։ Քրիստինեն մտադիր չէ բացահայտել, թե որտեղից է ձեռք բերել տեղեկությունն այն մասին, որ Շիրակի ոստիկանապետը հարբած ծեծել է ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին. «Տեղի է ունեցել մի դեպք, որը շատ սովորական երեւույթ է իրենց համար, հազարավոր էսպես ասած ենթականեր, հազարավոր մարդկանց խփում են, ուղղակի այնպես է ստացվել, որ հերթական զոհը ըմբշամարտի չեմպիոնն է»։ Ըստ ընդդիմադիր լրագրողի, իշխանություններն այս պահին լուծում են մեկ հարց՝ լրագրողների դեմ հետապնդումների միջոցով կոծկել ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնի հանդեպ բռնության դեպքը։ Քանի որ դա չի հաջողվել, ուզում են, որ աղբյուրը բացահայտվի։ Մինչդեռ բավական է, որ ոստիկանի անպատժելիության զոհը՝ ըմբշամարտիկը, խոսի. «Եթե Արթուրը չլռեր, ոչ մեզ ինչ-որ բան մեզ պարտադրելու հարց կլիներ, ոչ աղբյուրի բացահայտման հարց կլիներ, ոչ էլ էսօր իմ առաջ կանգնած կլիներ Արթուրի հարցով նստելու ճակատագիրը։ Եվ ինձ զարմացնում է նրա լռությունը»,- կարծում է լրագրողը։ Քրիստինեն տեղյակ է, որ աղբյուրի բացահայտման պարտադրանքով հարուցված այս քրեական գործը աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ , բայց դատարանի որոշումը չկատարելու պատճառով հարուցված մեղադրանքն արդեն շատ է նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանության համար. «Ազատազրկե՞ն, չգիտեմ պետք է կատարյալ ապուշ լինեն դրա համար»։ Դատարանը նման պահանջ էր ներկայացրել նաեւ «Հրապարակ» օրաթերթին։ Թերթի շահերի ներկայացուցիչ Արա Ղազարյանը չի կարող ասել, թե ինչու «Հրապարակի» դեպքում քրեական գործ չի հարուցվել. «Գուցե տարբերակված մոտեցում ենք մենք այստեղ տեսնում։ Դա վտանգավոր չի՞։ Տարբերակված մոտեցում է, եթե չունի օբյեկտիվ հիմքեր, դա խտրականություն է», - ասում է «Հրապարակ» օրաթերթի շահերի ներկայացուցիչ Արա Ղազարյանը։ Արա Ղազարյանը տպավորություն չունի, որ աղբյուրը բացահայտելու պահանջը Իլուրի եւ Հրապարակի դեպքում քաղաքական հետապնդման արդյունք է «Գուցե սա գալիս է գլխավոր դատախազության կողմից, որը ուզում է քրեական նոր քաղաքականություն իրականացնել։ Բայց սրա արդյունքը, սրա էֆեկտը միանշանակ հասարակական դաշտում ընդվզումներ է առաջացնելու»։ Փաստաբանը չի բացառում, որ քրեական գործ հարուցելով դատախազությունն ազնիվ նպատակներ է հետապնդել, բայց հետեւանքները ծանր են լինելու «Եթե մեկ անգամ ազդանշան են ստանում, որ էդ երկրում կա դատական ակտ, որով պահանջում են բացահայտել աղբյուրը, կտրուկ նվազում է երկրի հեղինակությունը»։ Ըստ Արա Ղազարյանի, պետք չէր երկրի հեղինակությունը զոհել հանուն մի քրեական գործի, որտեղ հասարակական շահ չկա։ Իրավաբանն այս հարցով դիմել է Սահմանադրական դատարան, որով պետք է պարզաբանվեն լրատվական աղբյուրը բացահայտելու պահանջի դեպքում լրագրողի պաշտպանական մեխանիզմները։