Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտ»-ի նկատմամբ բարբարոսաբար ենք վերաբերվել. նախկին վարչապետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
c521e80ddb225bbe6806e0f7f22140bf

«Նաիրիտ»-ի նկատմամբ բարբարոսաբար ենք վերաբերվել` չգիտակցելով, որ այն տնտեսության համար կարող էր լոկոմոտիվ դառնալ,-ափսոսանքը ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանինն է. «Խոսում էինք այդ մասին, սակայն մեր ներքին բջիջներով դա չէինք կարեւորում: Արդյունքում «Նաիրիտ»-ի նկատմամբ ինչ էքսպերիմենտ ասես, որ չարվեց: Ով ինչ, թող ներվի այս խոսքս, տնտեսական «քյալագոզություն» ում մտքով անցավ, արվեց»: 75-ամյա «Նաիրիտ» գործարանը 2010թ.-ից այլեւս չի գործում` կուտակելով հսկայածավալ պարտքեր, այդ թվում` աշխատավարձերի: Մինչ օրս գործարանի վերագործարկման հնարավորություններն անորոշ են: Դեռ անցած տարի խոսվում էր այն որպես մետաղի ջարդոն վաճառելու, սնանկացման տանելու մասին: Սնանկացման մասին խոսվում է նաեւ ՀԲ` մեկ ամիս առաջ անցկացրած աուդիտի եզրակացության մեջ, որտեղ մասնավորապես նշված է, որ գործարանն այլեւս չի կարող շահույթով աշխատել, այն լուրջ բեռ է կառավարության համար եւ պետք է լուծարել: Ըստ Խոսրով Հարությունյանի` միանշանական դեղատոմս առաջարկելը անշնորհակալ գործ է. «Նաիրիտն ամբողջությամբ պետք է ազգայնացվի, ամբողջ ծախսերը բյուջեն ամբողջությամբ իր վրա պետք է վերցնի` առանց կաշկանդվելու: Կառավարությունը պետք է հրավիրի լուրջ ինվեստիցիոն ֆոնդ: Կառավարությունը պետք է ասի, որ ոչ մի կոպեկ ես ձեզնից չեմ ուզում, եկեք ներդրում արեք, բերեք շուկայական տեսքի, վաճառեք, ամբողջ շահույթն էլ ձեզ տարեք, բայց թող գործարանը սկսի գործել»: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ «Եթե լինի գործարկման դեպք, դա պետք է լինի հզոր մենեջերների խումբ, որը պետք է ունենա նաեւ քիմիական արդյունաբերության ոլորտում կրթություն, կարողանան մշակել այդ ամբողջ լոգիստիկ շղթան, որը քլորոպրենային կաուչուկը կարող է հասցնել եվրոպական երկրներին»: Տնտեսագետի կարծիքով` ազգայանացնելով «Նաիրիտ»-ը` հարց չի լուծվի. հետագայում այն պետք է անցնի մասնավորեցման գործընթաց: Նա օրինակ բերեց ՌԴ-ում գործող «Ավտովազ»-ի փորձը, եւ առաջարկեց նույնը կիրառել «Նաիրիտ»-ի դեպքում. «Ինչի՞ չվաճառել մետաղի ջարդոնի տեղ մի մասը, իսկ մյուս մասը օգտագործել ներդրումների եւ գործարանը ակտիվացնելու համար, այլ ոչ թե ամբողջությամբ դնել ջարդոնի տեղ մոնտաժել ու վաճառել»: Իսկ Խոսրով Հարությունյանը բերում է Արեւմտյան Գերմանիայի օրինակը, երբ սեփականաշնորհման ժամանակ որոշ գործարաններ վաճառվեցին սիմվոլիկ մեկ կոպեկով` հնարավոր արդյունավետ սեփականատիրոջ գտնելու նպատակով: «Նաիրիտ»-ի պարագայում նրա դիտարկմամբ` պարզ լուծումներ չկան. «Օրինակ` պատերազմական պայմաններում, երբ ես վարչապետ էի, այն ժամանակ մենք մտածում էինք` պատերազմի հարկ մտցնել: Հիմա Նաիրիտն էլ մեզ համար մի ֆրոնտ է, տնտեսական ֆրոնտ, եւ մենք պետք է մտածենք դրա մասին: Եւ մտածում եմ, որ մենք պետք է գնանք ոչ ստանդարտ լուծումների»: Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը, որի հետ տեւական ժամանակ է բանակցություններ են վարվում` «Նաիրիտ»-ի ձեռք բերման համար, ՀՀԿ պատգամավորի խոսքերով, զգուշորեն է հայկական շուկա մտնում, եւ նրա տնտեսական օրակարգում է դեռ կաուչուկի արտադրությունը: