Գեւորգ Սաֆարյան. «Եթե շատ ապուշ են, գործը չեն կարճի»
«Հիմնադիր խորհրդարան»-ի 5 անդամների՝ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի , Գարեգին Չուգասզյանի, Պավել Մանուկյանի եւ Գևորգ Սաֆարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է։ Նրանք ձերբակալվել էին ապրիլի 7-ին՝ ապրիլի 24-ին անկարգություններ նախապատրաստելու համար։ «Ես չգիտեմ, թե սրանք ինչքան են ապուշ։ Եթե շատ ապուշ են, գործը չեն կարճի, ու կմտնի դատարան, կվերածվի կոմեդիայի, ոնց որ հիմա է վերածվել կոմեդիայի հանրության աչքի առաջ։ Եթե մի քիչ դեռ ուղեղ ունեն, ապա գործը կկարճեն, այնտեղ գործ չկա, հիմարություն է։ Ուղղակի դա կախված է նրանից, թե ռեժիմն ինչքան է ապուշ»,- «Ա1+»-ին ասաց Գեւորգ Սաֆարյանը։ Նրա խոսքերով՝ նախաքննական մարմինն իրեն մեկ անգամ կանչել է հարցաքննության։ Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի 5 անդամները ձերբակալվել էին այս տարվա ապրիլի 7-ին, իսկ մայիսի 4-ին ստորագրությամբ ազատ էին արձակվել։ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք առաջադրելու համար որպես հիմք էր ներկայացվել առգրավված մի շարք իրեր, այդ թվում՝ ապակե շիշ, ծխախոտի, սոդայի տուփ, դանակ եւ ատրճանակի պատյան։