Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եգանյանը թանկացումների դեպքում գերադասում է ոչ թե պայքարել, այլ սպառումը քչացնել (տեսանյութ)

Քաղաքականություն
wg72amzELOQ

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ  Գագիկ Եգանյանը հիացած է Բաղրամյան պողոտայում նստացույց անող երիտասարդներով: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ իրեն որպես հայ մարդու ուրախացնում է, որ ունենք կազմակերպված, գրագետ, քաղաքավարի երիտասարդներ. «Նայում ես իրենց` քաղաքավարի, քաղաքակիրթ… Նաեւ լույս ճառագող, լուսավոր դեմքերից արդեն հասկացվում է, որ երեխաներն ինչ ներաշխարհ ունեն»: Միաժամանակ նա նշում է, որ չպետք է էլեկտրաէներգիայի բարձրացմանը զգացմունքայնորեն մոտենալ. «Ես մասնագետ չեմ, սակայն երբ բերում են արգումենտներ, ես մտածում եմ այդ հարցի շուրջ: Այս իրավիճակը ինձ հիշեցնում է 1988թ. վերջը, երբ բոլորս էնտուզիազմով լցված էինք ու արագ ատոմակայան փակեցինք: Երիտասարդները պայքար են մղում` կասեցնելու համար, բայց կասեցնելով հանդերձ խնդրի մյուս երեսներն էլ պետք է նայել, միայն էմոցիաներով, զգացմունքներով չշարժվեն»: Պարոն Եգանյանի խոսքերով` ինքը պիտի վճարի էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը, իսկ թե դա գների շղթայական ռեակցիայի բերի, ապա պետք է սպառումը քչացնել: Արդյոք նրա երեխաները եւս մասնակցե՞լ են Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող նստացույցերին, Գագիկ Եգանյանը նախ նշեց, որ նրանք չափահաս են ու իրենք են որոշում` ինչ անել, սակայն միաժամանակ նրան չի մտահոգել` արդյոք ծեծված երիտասարդների մեջ կայի՞ն նաեւ իր զավակները. «Ծեծված, որ լինեին, դա համենայնդեպս, ես կիմանայի: Ինչո՞ւ եք ամեն ինչի մեջ տեսնում, թե պաշտոնայի տղան կարող է ուրիշ կերպ լինի, քան երիտասարդների մեծ մասն է մտածում»: Իսկ ԳԱԱ տնօրեն Ռադիկ Մարտիրոսյանի մոտեցումը հետեւյալն է` եթե էլեկտրաէներգիա է օգտագործում, ուրեմն պետք է վճարի. «Եթե չվճարենք, նշանակում է ամեն ինչ պիտի ձրի լինի՞, ոչ ոք ոչ մի բան չտա: Ամեն մեկն իր հնարավորությունների սահմաններում ինչքան օգտագործում է, պետք է վճարի»: