Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց ՌԴ-ի ոչինչ չենք կարող անել. ՌԴ «ԱրմTV»-ի ղեկավար Համլետ Ղուշչյանը Հայաստանում է

Հասարակություն
xushchyan

Մոսկվայում ռուս-հայկական «ԱրմTV»-ի գլխավոր տնօրեն, ՀՀ նախկին հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանն այսօր հայրենիքում անկեղծ զրույց ունեցավ` անդրադառնալով իր ներկա ու անցյալ գործունեությանը, ինչպես նաեւ` ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին ու դրանց ռուսաստանյան արձագանքին: «Ա1+»-ի հարցին ի պատասխան նա նշեց, որ ՀՀ տեղական մամուլը բավականին ակտիվ լուսաբանում է տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, իսկ «ԱրմTV»-ն, որը ինքն արդեն երկու տարուց ավելի է գխավորում է, ունի լուրերի տասը թողարկում եւ ՌԴ-ում գործող ադրբեջանալեզու երեք հեռուստաընկերության հետ ինֆորմացիոն պատերազմի մեջ են. «Նրանց լսելով` կպատկերացնեք, թե լրագրողն ինչպես կարող է կորցնել իր խիղճը ու այդպես աղավաղել պատմությունը: Օրինակ` նրանց լրատվամիջոցով հեռարձակվում է, որ Երեւանի խանությունը եղել է  Ադրբեջանի ամենահետամնաց հատվածներից մեկը, եւ դա արվում է նրանց կողմից պրոֆեսիոնալ մակարդակով: Մենք այս պարագայում իրավունք չունենք անտարբեր մնալ`հաշվի առնելով նաեւ, թե ովքեր են մեզ դիտում. ադրբեջանցիներն անգամ հայերեն են տալիս իրենց որոշ հաղորդումներ: Մեզ մոտ լուրջ ինֆորմացիոն պատերազմ է»: Մեր այն հարցին, թե արդյոք հետեւո՞ւմ են` ինչ է կատարվում ՀՀ-ում` բողոքի ակցիաներ, հանրահավաքներ, եւ մասնավորապես, արդյոք կլուսաբանեն երեկ Ազատության հրապարակում սկսված էլեկտրաէներգիայի դեմ սկսված նստացույցը. «Բոլոր խնդիրները մենք բարձրաձայնել ենք ու կբարձրաձայնենք: Մի անգամ նույնիսկ Սոչիից զանգել, ասում էին, թե ինչու ենք ամեն ինչ հեռարձակում, չէ՞ որ ադրբեջանցիները դրանից կարող են օգտվել, իսկ մենք ասացինք, որ ճիշտը միակն է: Ես երեւի ամենաչկուսակցականացված անհատն եմ, իմ միակ նպատակը ճշմարտությունը  վեր հանելն է: Ժամանակին ինձ բոլորը ընդդիմություն էին համարում, որ իբր դուրս եմ եկել իշխանության դեմ: Անգամ մի անգամ Ռոբերտ Քոչարյանն ինձ փորձեց դիտողություն անել, ես ասացի, որ, պարոն Քոչարյան, ձեզ ամեն ինչ չեն ասում, իսկ մենք փորձում ենք ճշմարտությունն ասել: Դե դա անցած-գնացած բաներ են, չեմ էլ ուզում ասել»: Նրա խոսքերով` իրավիճակը ՀՀ-ում, ցավոք, այն չէ, ինչ պետք է. «Սակայն պետք է հաշվի առնել, որ մեր կողքին կա թշնամական մի պետություն, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր երկրի պատիվը բարձր պահենք»: Ինչ վերաբերում է Գյումրիում տարեսկզբին Ավետիսյանների ընտանիքի սպանդին, Համլետ Ղուշչյանի խոսքով, իրենք շատ են անդրադարձել. «Մի անգամ ՌԴ դեսպանն ասաց մեզ` փորձում ես Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, քանի որ բոլորից ավելի շատ եք լուսաբանում այդ դեպքը: Իսկ ես ասացի` եթե մենք եթեր չտանք ճշմարտությունը, մարդիկ այս կամ այն լրատվամիջոցներից կիմանան դա, ուրեմն ի՞նչն է մեզ խանգարում: Ի դեպ, ռուսներն ավելի են հետաքրքրված մեր լուրերով, քանի որ մեզնից են իմանում ՀՀ-ի մասին: Դա նշանակում է, որ մենք վստահություն ենք ներշնչում: Անգամ ամենաընդդիմադիր լրատվամիջոցը չի կարող այնպես տալ լուրերը, ինչպես մենք: Սակայն մենք հետեւյալ կարգավիճակում ենք` «առաջը` ջուր, հետեւը` սուր». դուք չեք պատկերացնում մեր վիճակը` մեր ամեն մի վրիպում անմիջապես օգտագործում է Ադրբեջանը ու խեղաթյուրում ինֆորմացիան, թե տեսեք` ինչ աստիճանի վատ վիճակում է ՀՀ-ն, որ անգամ «ԱրմTV»-ն է տալիս: Ես ՌԴ-ում ՀՀ պետության շահն եմ ներկայացնում, իսկ դուք այստեղ ազատ եք: Մենք, օրինակ, շատ բան չենք կարողանում ասել ԼՂՀ-ի մասին, սակայն մենք տվեցինք «Օղակ օպերացիայի» մասին ռեպորտաժ, որից հետո զանգահարում է Գրոմովի օգնականն ու ասում` հասկանում եք` ինչ եք անում, չե՞ք հասկանում, որ չափն արդեն շատ եք անցնում: ՌԴ-ում մեծ հայկական համայնք է ապրում, որը մեծ ֆինանսական օգնություն է ցույց տալիս ՀՀ-ին, մանավանդ տրանսֆերների տեսքով, եւ ամեն անգամ մի սուր հաղորդում ունենալուց հետո մեզ ասում են, թե այն վնասելու է այդ տրանսֆերներին»: Արդյոք ՀՀ իշխանություններից եղել են բացասական արձագանքներ, պարոն Ղուշչյանը չհերքեց, որ եղել են, սակայն միաժամանակ նշում է, որ իրենք օգտվում են ՀՀ իշխանական կողմի տրամադրած տեսանյութերից: Իսկ կվերադառնա, թե ոչ ՀՀ, Համլետ Ղուշչյանի պատասխանը մեկն է` վաղ թե ուշ վերադառնալու է. «Սակայն ես ՌԴ-ում միսիա ունեմ, որ «ԱրմTV»-ն դարձնեմ այնպիսին, որի համար չամաչենք: Մինչ մեկնելս ՌԴ, ՀՀ-ում աշխատում էի մի հեռուստաընկերությունում, որտեղ սկսում էր ակտիվանալ քաղաքական լարվածությունը: Ես առաջարկ ստացա ՌԴ-ում` Եվրասիական հեռուստաընկերությունը գլխավորելու եւ բավականին լավ աշխատավարձով` մոտ հինգ հազար եվրո, սակայն հետո առաջարկ ստացա հայ մեծանուն բարերար Լեւոն Հայրապետյանի կողմից` բացել  «ԱրմTV»-ն»: Պարոն Ղուշչյանը վստահեցրեց, որ  իրենք շատ լավ են լուսաբանել Լեւոն Հայրապետյանի դատավարությունը. «Մենք եւս մեր լուման ունեցանք, որ նրա բանտակությունը փոխարինվեց տնային կալանքով: Միայն չորս ֆիլմ ենք նրա մասին նկարահանել, թե ինչպես է նա գնահատում հայ-ռուսական բարեկամությունը: Եթե մենք հեռու մնայինք այդ գործընթացից, ապա մենք մեզ չէինք կարող ներել: Ի վերջո արդարությունը հաղթեց: Ի դեպ, Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը շատ վատ է. բժիշկների հետ խոսեցի, նրանք ասացին` եթե նա չտեղափոխվեր բանտից տուն, ապա շատ ավելի վատ կլիներ նրա  վիճակը»: Ինչ վերաբերում է ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցելուն, ապա նրա խոսքերով, երբ ՌԴ-ում չէր ապրում, ԱՄՆ-ում էր կամ ԵՄ-ում, ապա մի բան հասկացավ` ՌԴ-ն այն երկիրն է, որ եղածներից ամենահուսալին է ու շատ թե քիչ հավատարիմը ՀՀ-ին. «Իհարկե, ռուսական կայսրությունը միշտ ունեցել է իր շահերը, սակայն ոչ մի պետություն այնքան չի ցավացել ու ցավում ՀՀ համար, որքան ՌԴ-ն, ու դա ասում եմ հարաբերական առումով: Այսօր մենք առանց ՌԴ-ի ոչինչ չեն կարող անել: Ես կարծում եմ, որ մեր ճակատագիրը պետք է կապենք ՌԴ հետ: Ես, օրինակ, ինձ չեմ զգում կախյալ ՌԴ-ում. ոչ մի ռուս գործընկեր մատնացույց չի արել ինձ` որպես հայ, ինչը ԱՄՆ-ում է կամ ԵՄ-ում եղել է: ՌԴ-ում մենք գլուխներս բարձր կարողանում ենք քայլել»: