Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գիշերը տաքսիստ են աշխատում, ցերեկը՝ հաց բաժանում խանութներին» (տեսանյութ)

Հասարակություն
sparox

Հայաստանի սպառողների ասոցիացիան՝ Համազգային վստահության խորհրդի հետ, վերջին 5 ամիսներին այցելել է 20 սնունդ արտադրող կազմակերպություն՝ հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Ավելի քան 120 ընկերություն էլ մերժել է ընդունել՝ տարբեր պատճառաբանություններով։ Այցելած ընկերություններում մասնագետներն ականատես են եղել ինչպես դրական, այնպես էլ բացասական միտումների։ «Առաջընթաց տեսա տեխնոլոգիական, սարքավորումների հագեցվածության առումով։ Իսկ հիգիենայի կանոնների պահպանման առումով թերություններ շատ կան։ Ոչ միայն կոնկրետ արտադրական սարքերը պետք է մաքուր լինեն, այլև ամբողջ տարածքը, պատուհանները»,-նշեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։ Բացի այդ, սննդի ոլորտում աշխատողները պետք է պարբերաբար բժշկական ստուգում անցնեն, ինչը ևս չի պահպանվում։ Իրենց մոտ այցելել չեն թույլատրել նաև պանրագործությամբ և հացի արտադրությամբ զբաղվող բոլոր ընկերությունները։ Ըստ մասնագետների՝ վերջինս ամենից շատ թերություններ ունեցող արտադրություններից է։ «Ինչ մեքենայով ասես տեղափոխում են հացը։ Գիշերը տաքսիստ են աշխատում, ցերեկը՝ հաց բաժանում խանութներին։ Սա խիստ անթույլատրելի է»,-իր հերթին շեշտեց բժիշկ, հիգիենիկ և համաճարակային հարցերի մասնագետ Ջեյմս Ստեփանյանը։ Այցերի ընթացքում նա արձանագրել է նաև, որ շատ տեղերում աշխատակիցներն առանց ձեռնոցի են աշխատել։ Միայն իրենց նկատողությունից հետո շտկել են այդ։ «Թռչնաֆաբրիկաների հիմնական մասում հավկիթն առանց լվանալու են ուղարկում վաճառքի։ Անասնագերեզմանոցների առումով էլ խնդիր կա։ Դրանք պետք է հերմետիկ փակվեն, այնինչ հիմնականում բացօթյա են»։ «Պետք է սպառողն իրազեկ լինի, թե ինչ է գնում։ Կան կաթնամթերքի գործարաններ, որտեղ պայմանները շատ լավ են, հիգիենայի կանոնները պահպանվում են։ Սակայն որոշ տեղերում թույլ են տրվում կոպիտ խախտումներ»,-ասաց Համազգային վստահության խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը։ Իսկ պարոն Ստեփանյանը նշեց այն ընկերությունների անունները, որոնք չեն թույլատրել իրենց մոտ ուսումնասիրություն կատարել։ «Զարմանալի էր, բայց «Գրանդ քենդի»-ի նման խոշոր ձեռնարկությունն այս պահին հրաժարվեց, որպեսզի այցելենք հացի արտադրությունը տեսնելու։ Բացի այդ, «Մապ», «Անի գրուպ», «Ալֆա ֆուդ», «Ջերմուկ գրուպ» ընկերություններն են հրաժարվել»,-մանրամասնեց բժիշկը։