«Ոչ թալանին» նախաձեռնությունը Սարյան փողոց չի գնա
«Ոչ թալանին» նախաձեռնությունը հունիսի 18-ին՝ ժամը 18.00-ին, Բրազիլիայի հրապարակից պատրաստվում է ավտոերթ անցկացնել՝ ընդդեմ հոսանքի թանկացման։ «Դա կլինի մեծ ավտոերթ, ինչքան միացողներ լինեն, ավելի լավ։ Եվ լավ իրազեկման ձեւ կլինի, եւ բողոքի ակցիայի տարբերակ»,- հայտնեց նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։ Վաղը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշելու է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտ է ներկայացրել՝ էլեկտրաէներգիան 17 դրամով թանկացնելու պահանջով։ Նախաձեռնությունը, սակայն, վաղը չի հավաքվի հանձնաժողովի շենքի դիմաց։ « Ես միտք չունեմ նախորդ տարվա սխալը կրկնելու, ձերբակալվելու եւ ծեծ ուտելու։ Այնպիսի մի ռազմավարական տեղ է Սարյան փողոցը, որտեղ եթե լինի նույնիսկ 8000 մարդ, ոստիկանությունը կարողանալու է նրանց ցրել, ջարդել, փշրել եւ ուղղակի անցնել վրայով»,- ասում է ակտիվիստը։ Նրա խոսքերով՝ իրենց խնդիրը հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի դեմ չէ. « Հանձնաժողովը կառավարվում է վերեւից» ։ Սարյան փողոցում, վաղը, ժամը 11:00-ին, այնուամենայնիվ, հանգիստ չի լինի. Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի (Սարյան փող., 22 շենք) մոտ նախատեսում են բողոքի ցույց՝ ընդդեմ էլերկտրաէներգիայի թանկացման: