Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ-ն Գեւորգ Եղիազարյանի հետ բժիշկ կուղարկի արտասահման

Քաղաքականություն
gevorg

Մարտական հենակետում վիրավորում ստացած Գևորգ Եղիազարյանի մայրը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ իրենք արդեն կապ են հաստատել այն կլինիկայի հետ, որտեղ պետք է իր բուժումը ստանա Գևորգը։ «Կլինիկան գտնվում է Գերմանիայում, որդուս այնտեղ տեղափոխելուց առաջ պետք է 2-3 ամիս նախապատրաստվի, օրգանիզմը համապատասխանեցվի թռիչքային ռեժիմին, հիմա Գևորգը տնային բուժում է ստանում»,- նշեց տիկին Նաիրան։ Տիկին Նաիրան տեղեկացրեց նաև, որ իրենք դիմել են Պաշտպանության նախարարություն՝ իրենց բժիշկ տրամադրելու համար, որպեսզի Գևորգի վիճակը հսկողության տակ լինի ինքնաթիռում։ «Սեյրան Օհանյանը մեզ չմերժեց և մեզ հետ նաև բժիշկ կլինի ուղևորության ընթացքում։ Պետք է նշեմ նաև, որ ապահովված է Գևորգի՝ մեկ ամիս թերապիա ստանալու համար անհրաժեշտ գումարը»,- նշեց նա։ Տիկին Նաիրան նաև հավելեց, որ Գերմանիա մեկնման օրը դեռևս հստակ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 27-ին մարտական հենակետում վիրավորում ստացած Գևորգ Եղիազարյանի բուժումն արտերկրում շարունակելու համար անհրաժեշտ 56 000 դոլարի հիմնական մասը հավաքվել էր քաղաքացիների ջանքերով։ 11 միլիոն դրամ էլ փոխանցվել էր Կառավարության անդամների կողմից։