Մեր հերոսը փորձում է սխալ բաներ անել. Լ. Ալեքսանյանը՝ Ժ. Սեֆիլյանին
Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամներին կալանավորելու, իսկ այնուհետեւ ստորագրությամբ բաց թողնելու գործում չի հերքում, որ քաղաքական էլեմենտներ կային, միաժամանակ նրանց գործողությունները գնահատում է քրեական։ «Օրենքի խախտումը միայն մարդ ծեծելը չէ։ Պետությունը ինքը կարգավորող եւ պարտադրող օրգան է, հենց դրա համար է ստեղծվել։ Այսօր, եթե պետությանը, սահմանադրությանը դեմ քայլեր են արվում, պետությունը պարտավոր է մի քանիսին պատժի, որ մնացածի իրավունքները պաշտպանի»,- «Ա1+»-ին ասաց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Հիմնադիր խորհրդարանի 5 անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը կալանավորվեցին ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածով։ Սակայն մայիսի 4-ին նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվեց քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ։ Հանրապետական պատգամավորը չի հերքում, որ իր տանը խուզարկություն անցկացնելիս հնարավոր է հայտնաբերվեն նույն իրերից, որոնք հայտնաբերվել էին Հիմնադիր խորհրդարանի անդամների տանը։ «Եթե ես հանցագործություն անեմ կամ փորձեմ պետական կարգը խախտեմ, կարելի է այդ հացի դանակով էլ մարդ սպանել, ինչի մասին է խոսքը»,- նշեց նա։ Ժիրայր Սեֆիլյանի անցած ուղին պատգամավորը բարձր է գնահատում. բայց սխալ էր համարում ապրիլի 24-ին ընդառաջ նրա գործողությունները։ «Մեր հերոսը փորձում է սխալ բաներ անել։ Ժամանակահատվածն էր սխալ ընտրված»,- եզրափակեց ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը։