Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պահանջատիրության կետին դեռևս չենք հասել» (տեսանյութ)

Քաղաքականություն
Sergey-Minasyan

«Ամենակարևոր իրադարձությունը, որ այս վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ, այն էր, որ Ցեղասպանությունը որպես իրավական ակտ ճանաչվեց և ընդունվեց այն երկու երկրների կողմից, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին հանդիսացել են Թուրքիայի դաշնակիցները ՝ Ավստրիան և Գերմանիան։ Իսկ Թուրքիան դեռևս փորձում է ժխտել մի իրադարձություն, որի համար տարբեր երկրներ արդեն ներողություն են խնդրում»,- նշում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Վերջինիս խոսքերով՝ անցնում ենք արդեն մի նոր փուլի, որի հիմնական ուղեգիծը Թուրքիայի կողմից ճանաչման գործընթացին սպասելն է, ինչը ըստ քաղաքագետի՝ հեշտ գործընթաց չէ։ «Մենք ունենք և սփյուռք, և նաև Հայաստանում ապրող Ցեղասպանության վերապրածների ժառանգներ, որոնք իրավական և քաղաքական առումով պահանջատիրության հարցը բարձրացնելու են։ Նման համազգային նշանակության հարցի շուրջ պետք է լինի կոնսենսուս, որը ձևավորված կլինի լուրջ քննարկումների արդյունքում, իսկ մենք ոչ մի դաշտում այդ կետին դեռևս չենք հասել։ Ներկա դրությամբ մեզ համար ամենակարևոր հարցը Ցեղասպանության ճանաչումն է, քանզի թե՛ ռեսուրսների առումով , թե՛ էմոցիոնալ առումով հայերի համար պարզապես հնարավոր չէր անցնել պահանջատիրության հարցին, և պրակտիկ առումով էլ այդ կետին դեռ չենք հասել։ Հասկանալի է նաև, որ այս առումով կան իրարամերժ մոտեցումներ՝ սկսած նրանից, որ Թուրքիան պետք է ներողության խնդրի, վերջացրած՝ մինչև Կիլիկիայի մեր հողերը վերադարձնելով»,- շեշտում է քաղաքագետն՝ անդրադառնալով «Ա1+»-ի լրագրողի այն դիտարկմանը, թե Հայաստանի կողմից կոնկրետ ինչ պահանջներ պետք է ներկայացվեն Թուրքիային՝ Ցեղասպանության ճանաչումից հետո։ Քաղաքագետից հետաքրքրվեցինք նաև՝ իրատեսական համարո՞ւմ է արդյոք Էրդողանի կառավարման օրոք Ցեղասպանության ճանաչումը, ինչին ի պատասխան նա նշեց. «Կասկածում եմ, որ կոնկրետ Էրդողանի դեպքում դա հնարավոր լինի, նա դա չի անի, սակայն Էրդողանը հավետ չի մնալու, ու ես չեմ բացառում, որ իր քաղաքական թիմի կամ նրանից հետո եկող քաղաքական թիմի գործիչները կունենան նրա համառությունը՝ ժխտման ճանապարհով գնալու համար»։