Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքիայի նախագահը հացթուխ է եղել». քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
ալեքսանդր

«Չեմ կարծում, թե Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կտրուկ փոփոխություն սա կբերի»,- Վատիկանում Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցրած ելույթի մասին ասել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Բայց և նշում է, որ սա մասշտաբային իրադարձություն էր, ավելի, քան ներկայացվում է լրատվամիջոցներում ու սոցցանցերում։ «Հռոմի պապի ասածը Ցեղասպանության մասին ավելի կարևոր էր, քան եթե այդ մասին որևէ երկրի նախագահ խոսեր»,-շեշտել է նա։ Ասում է՝ համաշխարհային մասշտաբի կրոնական առաջնորդը Գրիգոր Նարեկացու «Նարեկ» աշխատության մասին էր խոսում, ինչը ևս մեծ պատիվ է բերում մեզ՝ հայերիս։ Պապի ասածը քաղաքագետը կարևորում է նաև այն տեսակետից, որ Հայաստանը դիտարկվեց որպես քրիստոնեական աշխարհի կենտրոններից մեկը։ Իսկ այն, որ նա 20-րդ դարում հայերի հանդեպ տեղի ունեցածն արդարացիորեն ցեղասպանություն որակեց, դրա ճանաչման ու դատապարտման ճանապարհին կարևոր քայլ է։ Այս կապակցությամբ Թուրքիայի ռեակցիան պարոն Իսկանդարյանը սպասելի էր համարում։ «Թուրքերը նյարդայնացած են այն ամենով, ինչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ է կատարվում։ Եվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու մյուսների հայտարարությունները, որ արվում են, մեղմ ասած, զվարճալի են»,-շեշտել է քաղաքագետը։ «Էրդողանը հացթուխ է եղել, իսկ Հռոմի պապը փիլիսոփայության դոկտոր է, կրոնական հզոր առաջնորդ, մեծ քաղաքական գործիչ, այնպես որ, համեմատելու ոչինչ չկա»,-եզրափակել է պարոն Իսկանդարյանը։ Նա վստահ է՝ վատիկանյան իրադարձությունը 100-րդ տարելիցից հետո էլ դեռ շատ երկար կմնա լայն քննարկումների տիրույթում։