Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ-ից լրագրողները պատասխան չստացան սահմանի վերաբերյալ (տեսանյութ)

Քաղաքականություն
AGN1

Մի խումբ լրագրողներ այսօր իրենց իսկ նախաձեռնությամբ հավաքվել էին ԱԳՆ շենքի մոտ: Մոտ 20 լրատվամիջոցի ներկայացուցիչ նախարարից կամ փոխնախարարներից որեւիցե մեկից պահանջում էր հստակ պարզաբանումներ հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում առկա լարված իրավիճակի վերաբերյալ եւ թե արդյո՞ք հայկական կողմը դիմել է ՀԱՊԿ-ին: Արագ քայլերով շենք մտնող նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հնարավոր չեղավ զրուցել, իսկ նրա խոսնակ Տիգրան Բալայանը պարբերաբար դուրս էր գալիս շենքից, մոտենում լրագրողներին եւ «off the record»` առանց հրապարակման, ֆորմատով զրուցում, փորձում բացատրել իրավիճակը: Լրագրողների պահանջը` հանդիպել նախարարին ու փոխնախարարին, կրկին նույն ճակատագրին արժանացավ. փոխնախարարներից Շավարշ Քոչարյանը պատրաստ է հանդիպել լրագրողներին, սակայն առանց ձայնագրիչների ու տեսախցիկների: Մեկ ժամից ավելի ԱԳՆ շենքի մոտ հստակ պատասխանի սպասող լրագրողները չհամաձայնեցին` պահանջելով կոնկրետ ասելիք, որը հնարավոր կլինի հրապարակել: Հրապարակման ենթակա պաշտոնական միակ նախադասությունը, որը փոխանցեց Տիգրան Բալայանը, հետեւյալն էր. «Այսօր ասուլիս չի լինելու: Այս փուլում մեր գործողությունների հրապարակայնացումը նպատակահարմար չէ»: