Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զարգացումներն ավելին են, քան դիվերսիոն գործողությունները»

Քաղաքականություն
MHM70236-copy

Սահմանի  տարբեր հատվածներում լարված իրավիճակը պահպանվում է: Միայն այս գիշեր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակման արդյունքում հայկական կողմն ունի 2 զոհ եւ վիրավորներ: Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր. այստեղ էլ ադրբեջանական կողմը  ունի երեք զոհ։ Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ «Վերջին զարգացումներն ավելին են, քան դիվերսիոն-հետախուզական գործողությունները: Դժվարանում եմ ասել` ինչ ծրագիր կա: Սակայն դրանից ավելի տագնապ կա, որովհետեւ հասունացվում է ինչ-որ բան»: ​ Հատկանշական է, որ ակտիվացել են հարձակումները ՀՀ սահմանների վրա` գիշերը ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից գնդակոծել է Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: Դիվերսիոն հարձակումների մասին պաշտոնական տեղեկություն տարածվեց միայն առավոտյան: Սա այն դեպքում, երբ ՊՆ-ն օրեր առաջ տարածած իր հաղորդագրության մեջ վստահեցրել էր, թե ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը շարունակելու է բաց, թափանցիկ եւ օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականությունը: ԱԺ փոխնախարար Էդուարդ Շարմազանովը նշում է. «Տեսականորեն քանի դեռ մենք չենք կնքել խաղաղության վերջնական պայմանագիր, եւ քանի դեռ Ադրբեջանի ղեկավարության քաղաքականության հիմնական մեխը մնում է խնդրի ռազմական լուծումը կամ անհարկի ռազմականացումը կամ բանակցություններին պատրաստ չլինելը, բնականաբար մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրը մեր սահմանների անվտանգության ապահովումն է»: Ռուբեն Հակոբյանը հիշեցնում է՝ մեր տարածաշրջանը բավականին ռազմականացված է երկրագնդի մասշտաբով. «Ինչպես դասականն է ասում` ինչ-որ պահի այդ կուտակված զենքերը պետք է կրակեն, հրացանը եթե պատից կախված է, պետք է կրակի»: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ չի կարծում, թե պարբերական դարձած դիվերսիոն այս հարձակումները կարող են տանել ռազմական լայնամասշտաբ գործողությունների: