Ինչպես ազատվել վատ հիշողություններից Ամանորին (տեսանյութ)
Ամանորի իսկական խորհուրդը հոգեւոր իմաստի մեջ է: Դա սահմանագիծ է, թույլ է տալիս Նոր տարին նորովի սկսել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց բանաստեղծուհի, խոհարար Սոնյա Թաշչյանը: Նրա խոսքերով՝ այսօր Ամանորի բուն իմաստը մոռացած, այլ հարցերով ենք զբաղվում, սկսում ենք ճոխ սեղաններ գցել: «Երբ մարդը չի կարողանում հոգեւոր ուրախություն գտնի, այդպես է վարվում: Դա բերանի, ստամոքսի հաճույք է կոչվում: Ազգը հոգեւոր ազգ է եւ հիմա խառնված է ամեն ինչ, թեեւ կա տրամադրվածությունը վերադառնալու անցյալին»,- հույս հայտնեց խոհարարը: Սոնա Թաշչյանի խոսքերով՝ամեն մարդ իր ընտրությունը ունի, եւ ինչ սիրում է, դա պետք է դրվի տոնական սեղանին եւ այն դառնա ավանդական: «Բացի սեղանի ուտելիքներից, հետաքրքիր սովորություն կա եւ հին իրերից մեկը պետք է գցեն աղբամանը, դա ազատում է վատ հիշողություններից: Բացի այդ, բացասական մտքերը գրել եւ վառել: Ամանորի գիշերը մոմը վառ պահել: Խունկը վառել, եւ տան ամբողջ սենյակներում պտտացնել»,- խորհուրդ է տալիս նա: Տիկին Թաշչյանի խոսքերով՝ պետք է վերականգնել գոտեկախի ավանդույթը, երբ պատանիները դռնեդուռ ման են եկել եւ ծխնելույզից գուլպա կախել: Իսկ տանեցիները բարիքներ են լցրել մեջը, այստեղից էլ առաջացել է Կաղանդ բառի ծագումը: Ի դեպ, անդրադառնալով Ամանորի ճոխ սեղանների առկայությանը՝ վերջինս նշեց, որ դա գալիս է դեռ քրիստոնեությունից առաջ: Իսկ սեղանին դրվող պասուց տոլման պահպանվում է մինչեւ հիմա: Նախկինում այն բաժանվել է մատաղի նման: Իսկ մսային որեւէ կերակուր սեղանին չի դրվել: