«Մանկապարտեզները չեն վերահսկվում» (տեսանյութ)
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզում երեխաների թունավորման դեպքին, շեշտում է, որ անցել է արդեն մեկ շաբաթ, սակայն համապատասխան մարմինները դեռևս չեն տվել պատճառաբանությունը, թե երեխաները ինչից են թունավորվել։ Նա հիշում է ամիսներ առաջ մանկապարտեզներին մատակարարված փտած հավի մսի դեպքը, որի պարագայում եւս մինչ օրս կան շատ չբացահայտված հանգամանքներ։ «Պատկան մարմինները ծածկադմփոց են անում, մեր հարցմանը ի պատասխան նշում են, որ ամեն ինչ լավ է, չի եղել դեպք, երբ պատկան մարմինները մտնեն որևէ մանկապարտեզ և ստուգայցերի ժամանակ ինչ-որ բան հայտնաբերեն, չնայած որ մանկապարտեզում առկա թերությունները, սկսած սննդի որակից, բազմաթիվ են»։ Բանախոսի հավաստմամբ՝ այսօր մանկապարտեզների առջև դրված է ունենալ տեղափոխման և պահպանման պայման, իսկ եթե այս երկու պայմանը պահպանվի, ապա նման դեպքերի ականատաեսը չենք լինի. «Էն , որ ծածկադմբոց ա տեղի ունենում, դա ակնհայտ է, Առողջապահության նախարարությունը հայտարարում է, թե հավանաբար թունավորումը եղել է սննդամթերքից, բայց նրանք չեն նշում, որ առավոտյան երեխաները կերել են կաթնաշոռ և չորս օր շարունակ կերել են նրբերշիկ»,-շեշտում է Բաբկեն Պիպոյանը։ Մանկաբույժ, գիտությունների թեկնածու Լուսինե Սիմոնյանն էլ իր հերթին հավելում է, որ Մանկական սնունդը մի բան է, որը պետք է լինի հստակ կարգավորված, երեխաները պետք է սնվեն ռեժիմով և իրենց տարիքին համապատասխանող սննդակարգով. «Մինչև երեք տարեկան երեխաներին արգելված է երշիկ և նրբերշիկ, խոզի կամ տավարի մսով պատրաստված ինչ-որ ուտեստ, բացառված է արհեստական հավելումներ պարունակող և գազային ըմպելիքներ, խտացրած կաթ և նման շաքարային բաղադրիչներ պարունակող բաներ»,-ասաց բժշկուհին։ Հիշեցնենք՝ Սննդի անվտանգության պետական կոմիտեն ճշտել էր, որ թունավորման նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում որպես ետճաշիկ տրվել է «Մուշ» ՍՊԸ-ի արտադրության նրբերշիկ՝ չնայած այն բանի, որ ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2013թ. թիվ 42-Ն հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի կողմից հանձնարարական է տրվել «Մուշ» ՍՊԸ-ում իրականացնել ստուգում: