«Մոլորակը մեզ արդեն պատերազմ է հայտարարել». բնապահպան (տեսանյութ)
Հայաստանում, ցավոք, բիզնեսը սերտաճած է իշխանության հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Նրա խոսքերով՝ եթե մարդիկ ուզում են իրենց ընտանիքներով ապրել Հայաստանում, բացի հարստանալուց, պետք է մտածեն նաեւ իրենց երկրի բնապահպանական վիճակի մասին: «Մոլորակը մեզ արդեն պատերազմ է հայտարարել, արդյունքներն արդեն մենք տեսնում ենք տնտեսության ու առողջապահության ոլորտների վրա»,- զգուշացրեց բնապահպանը: «Ռիո պլյուս 20» գագաթաժողովը Հայաստանին կոչ է արել ուշադրություն դարձնել մոլորակի կողմից սպառնացող մարտահրավերներին եւ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Գագաթաժողովին մասնակցել է նաեւ Կարինե Դանիելյանը: «Որպեսզի «Ռիո պլյուս 20»-ի գաղափարները Հայաստանում զարգանան, ՄԱԿ-ի աջակցությամբ այդ ծրագիրն ենք իրականացնում, սակայն այնքան էլ հեշտ չի ստացվում: Այդ ուղղությամբ քայլեր ենք ներկայացրել իշխանություններին: Սկզբում կարծես թե մեր մոտեցումն ընդունելի էր: Հիմա ակտիվ շարունակվում է հանքավայրերի շահագործման լիցենզիաների տրամադրումը: Տեսնենք, թե ինչպես է մեր համագործակցությունն ստացվելու իշխանությունների հետ»,- նշեց բնապահպանը: Առաջիկայում նրանք պատրաստվում են «Բնապահպանական հիմնախնդիրները եւ լրագրողները մարտահրավերները, լուծումները» թեմայով քննարկումներ կազմակերպել: ՀԿ երիտասարդական թեւի նախագահ Լիանա Ներսիսյանն էլ ավելացրեց, որ ծրագրի նպատակն է լրագրողներին բնապահպանական ոլորտի վերաբերյալ խորքային գիտելիքներ հաղորդել: Նա նշեց, որ լրագրողների կողմից ավելի շատ աղբի թեմաներն են լուսաբանվում, քան կանաչ տնտեսությունների: