Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ

Մարզեր

Ղորղոբա գետակը վարարել է: Յուրաքանչյուր տարի, օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ ձնհալքի եւ անձրեւաջրերի հետ միախառնվում է գետակի աղբն ու լցվում հարակից տներն ու բակերը:

Գյումրու Պողպատավան թաղամասի Պողոսյան փողոցի թվով 15 տուն ամեն տարի կանգնած են այս խնդրի առաջ: Գետակի հունի մեջ եղած աղբին ավելացել է նաեւ վարարման ընթացքում այլ տարածքից ջրի բերած կենցաղային աղբը, ինչի հետեւանքով փակվել են կոյուղագծերի ելքերը դեպի գետ: Ջրի անընդհատ ողողումներից բակերից մեկում եղեգնուտ է գոյացել: Բակերից զատ, վիճակը մտահոգիչ է նաեւ տներում, քանզի քայքայվել են ոչ միայն հատակները, այլեւ պատերն ամբողջությամբ:

Տանտերերից ոմանք բնակության համար տեղափոխվել են հարազատների մոտ: Եթե այս ամիսներին հիմնական խնդիրը տների կեղտաջրով եւ աղբով ողողվելն է, ապա ամռան ամիսներին եղածին գումարվում են նաեւ տարածքի գարշահոտությունն ու մոծակները: Բնակիչների պնդմամբ, իրենք բազմիցս դիմել են պատասխանատուներին, սակայն իրենց բողոք-դիմումները մինչ օրս մնացել են անպատասխան:

Ըստ նրանց, գետի հունը վերջին անգամ մաքրվել է 2 տարի առաջ: Ի դեպ, հունն էլ բավականին նեղացել է բնակիչների կողմից գետը լցվող կենցաղային աղբի հետեւանքով եւ տարածքում տեղադրված տնակների հաշվին:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ