Հր. Բագրատյանը հրաժարվեց մասնակցել ենթահանձնաժողովի աշխատանքներին
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր որոշում կայացրեց ստեղծել «Նաիրիտ» գործարանի մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր ենթահանձնաժողով: Նախագծի համահեղինակներ են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգություն»-ը: Հանձնաժողովում նախագիծը ներկայացրեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին հետաքրքրում էր՝ ինչպես կարող են ստեղծել հանձնաժողով եւ քննարկել «Նաիրիտ»-ի հարցը, երբ անգամ հայտնի չէ, թե ով է սեփականատերը: Արծվիկ Մինասյանը նկատեց, որ նաեւ այդ նպատակով են ստեղծում ենթահանձնաժողովը: Իսկ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարեց, որ այն, ինչ գտնվում է Հայաստանում, սեփականատերը ՀՀ-ն է: Որոշվեց, որ հանձնաժողովի անդամները կլինեն տասը: Երբ որոշում էին, թե որ խմբակցությունից ով է ներգրավվելու ենթահանձնաժողովի աշխատանքներում, ուշացումով նիստին եկած ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հրաժարվեց մասնակցել ենթահանձնաժողովի աշխատանքներին՝ հայտարարելով, թե այդ հարցով թող դիմեն կոնկրետ ՀԱԿ կուսակցությանը. «Ճիշտ է, առանցքային հարցերի վերաբերյալ ես տեղեկացնում եմ խմբակցությանը, սակայն եթե ուզում եք ենթահանձնաժողովում ՀԱԿ-ն անդամ ունենա, դիմեք իրենց: Ես շատ զբաղված եմ այս ընթացքում, չեմ կարող մասնակցել եւ անգամ Գազի հանձնաժողովի աշխատանքներին չեմ մասնակցում»: Հանձնաժողովը որոշեց նաեւ «Նաիրիտ»-ի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներն ամփոփել 2015թ. սեպտեմբերին: