Ընդունա՞կ են հայերն ազգային միասնության (տեսանյութ)
Հայերն ընդունակ են ազգային միասնության. ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը հիշեցնում է այս տարվա օգոստոսին ադրբեջանական ագրեսիայի հանդեպ մեր ժողովրդի համախմբումը. «Լավ կլիներ՝ բոլոր հարցերում միասնական լինեինք։ Այլ պարագայում մենք կունենանք ձախողումներ»։ Գործարար պատգամավոր Գարեգին Նուշիկյանը ոլորտ առ ոլորտ կարող է ասել, թե ինչի շուրջ պետք է միասնական լինի հայ ժողովուրդը, այդ բոլորի հիմքում նա տեսնում է հավատը. «Հավատ կառավարման նկատմամբ, իշխանության նկատմամբ»։ Իշխանության շուրջ միասնական, ըստ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանի, կարող են լինել նրանք, որոնք քվե են տվել, որոնք հույսեր են կապում իշխանության հետ. «Իշխանություն ասելով պետք է առաջին հերթին պետությունը հաշվի առնենք»։ Արդյո՞ք այդ իմաստով ընդդիմությունը մթնոլորտ է պղտորում՝ անխնա քննադատելով իշխանությանը եւ խանգարելով ազգային միասնականությանը. «Օպոզիցիան պետք է որ շատ հարցերի հետ չհամաձայնվի, բայց պետք է շատ հարցերի շուրջ ինքը ավելի շատ կառուցողական մոտեցում ցուցաբերի»։ Պարոն Ավետիսյանը երանությամբ է հիշում այս ամառը, երբ ոչ մի հայ մարդ տարաձայնություն չուներ՝ ադրբեջանցին հարձակվել էր, բոլորը միասնական էին նրան դիմակայելու հարցում. «Կողքի դրվեցին բոլոր քաղաքական խնդիրները եւ բոլորը միահամուռ լծվեցին այդ գործին, մեր բանակի կողքին, մեր զինվորի կողքին լինելու գործին»։