Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի պատվավոր քաղաքացին չի լռի (տեսանյութ)

Հասարակություն
Danielyan-Karine5

Երեւանի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած բնապահպան Կարինե Դանիելյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ կոչումը չի կարող իրեն կաշկանդել։ « Նախ ասեմ, որ մի քանի տարի առաջ նախագահն ինձ շնորհեց Անանիա Շիրակացի մեդալը, որեւէ փոփոխություն իմ վարքի մեջ կարծում եմ չեք զգացել։ Իմ խնդիրը ոչ թե քաղաքական երանգներ տալն է, այլ բարձրաձայնել եղած խնդիրները, որոնք չեն լուծվում եւ իմ ուժերի չափով փորձել օգնել դրանց լուծմանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։ Նրա խոսքերով՝ մանկությունից սիրահարված է քաղաքին եւ կարծում է, որ այդ ստատուսի ստանալը կօգնի իրեն ավելի շատ եռանդով աշխատել եւ միգուցե ազդեցությունը ավելի շատ կլինի այդ առումով։ Միաժամանակ նա չի հերքում, որ վերջին տարիներին Երեւանում դրական երեւույթներ են նկատվում. «Թե կանաչապատման, թե շենքերի բարեկարգման առումով, ծաղկապատումը շատ է դուր գալիս։ Քաղաքը մայրաքաղաքի տեսք է ստացել, բայց եւ խնդիրները շատ-շատ են՝ էկոլոգիական, սեյսմիկ ռիսկերը, հենց նույն աղետների ռիսկերի նվազեցումը»,- ասում է Կարինե Դանիելյանը։ Ի դեպ, նա մի հետաքրքիր դեպք հիշեց այդ օրվա՝ հոկտեմբերի 12-ի տոնակատարության հետ կապված.  «Արարողությունից հետո մի պաշտոնյա տիկին ինձ ասաց, որ Երեւանի հասցեին, Երեւանի քաղաքապետարանի հասցեին սրանից հետո ոչինչ չեք ասի, մի վատ բան չեք ասի, չէ՞։ Ես վատի ցանկություն չունեմ, ես խնդիրը բարձրացնելու ցանկություն ունեմ, խնդիրը լուծելու եւ օգնելու։ Այդ առումով ոչինչ չի փոխվելու»,-հավաստիացրեց Երեւանի պատվավոր քաղաքացի Կարինե Դանիելյանը։