Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գումարները հետ կվերադարձնեն (տեսանյութ)

Հասարակություն
kutakayin

2014 թ հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարները՝ մասնակիցների ներկայացրած համապատասխան դիմումների հիման վրա վերադարձվում են նրանց։ «Կուտակային համակարգ. Փոփոխություններ եւ նոր հնարավորություններ» դասընթացի ժամանակ նշեց Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Սարգսյանը։ Դիմումները մասնակիցները կարող են ներկայացնել Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիային 2014 թ սեպտեմբերի 1-ից մինչեւ տարեվերջ։ «Բայց գումարները կսկսեն վերադարձվել 2015 թ հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում»,- նշեց Կորյուն Սարգսյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ԱԺ-ն հաստատեց «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ եւս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ: Փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը: Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Սարգսյանը նշում է, որ գումարը սկզբից ուղղվելու է բյուջե՝ որպես բյուջետային միջոց. « Հետո նոր ուղղվում է քաղաքացիների անհատական հաշիվներին։ Նախորդի դեպքում այն բյուջե չէր գնում, այլ մտնում էր կամուրջ հաշիվ եւ նորից գնում էր անհատական հաշիվներին»։ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ համակարգին կամավոր կարող են միանալ 1964 թ հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված աշխատող անձիք։ «Մինչեւ 2017 թ հուլիսի 1-ը համակարգին կամավոր միանալու դեպքում նրան համար պետական բյուջեից նույնպես կատարվելու են կուտակային հատկացումներ՝ 100 տոկոս համամասնությամբ»,- նշեց նա։ Ի դեպ, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու առաջին երկու տարիների ընթացքում 18000 դրամ նպաստ ստանալուն զուգահեռ անձի համար կկատարվի նպատակային սոցիալական վճար 8000 դրամ, որից 5000 դրամը՝ պետության կողմից, 3000 դրամը՝ գործատուի հաշվին։ Դասընթացը լրագրողների համար կազմակերպվել էր ԿՀԻԿ-ի եւ ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ։