Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Զուրաբյանը համաձայն է Սերժ Սարգսյանի մի մտքի հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
0b299e0b834ec2332a723206a199db2d

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը համաձայն է Սերժ Սարգսյանի երեկ ասված այն մտքի հետ, որ 12 կետերը շարադրելիս քառյակն առնվազն լեզվաշարադրական մեկ բացթողում է ունեցել. «Միակ լեզվաշարադրական սխալը, որ քառյակն արել է, այն է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջել։ Էդ էլ կշտկենք»։ ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանին զվարճացրել է Սերժ Սարգսյանի այն միտքը, որ եթե քառյակն ուզում է համագործակցել իշխանության հետ, 12 կետերից պետք է բացառվեն «պահանջում ենք» բառերը. «Չենք հասկացել, որ ուզում ենք համագործակցել ու գրել ենք, որ պահանջում ենք։ Ես չգիտեմ՝ ոնց եմ մեղքերս քավելու»։ «Մենք պահանջում ենք»,-ասում է ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը, ոչ մի սխալ չկա մեր պահանջների մեջ։ 12 կետերը շարադրել է չորս քաղաքական ուժ, որը երկրում քաղաքական օրակարգ է թելադրում. «Ամբողջովին իրավունք ունեինք մենք ասելու, որ պահանջում ենք»։ Քառյակը, ըստ պարոն Մարգարյանի պահանջել է եւ այսուհետեւ էլ շարունակելու է պահանջել։ Դրանք սովորական կետեր չեն, դրանք կանխելու են երկրի փլուզումը։ Ստեփան Մարգարյանը շարունակում է. «Այն, ինչ մենք ասել ենք, սկզբունքը հետեւյալն է եղել, կարող էինք մենք ինքներս անել, եթե անողը մենք ենք։ Մենք պայմանավորվել ենք գրել այնպիսի կետեր, որոնց կատարման ընթացքը մենք պատկերացնում ենք»։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասում է. «Այդ հայտարարությունը քառյակի, որը բաղկացած էր 12 կետերից, դա քաղաքական փաստաթուղթ է, եւ յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր եզրույթ ունի իր քաղաքական բովանդակությունը»։ Սերժ Սարգսյանի խնդիրն է, թե ինչպես է ընկալել քառյակի պահանջները,-ասում է Ռուբեն Հակոբյանը։Ըստ նրա, 12-ն էլ իրատեսական կետեր են, հրապարակման առաջին օրը նույնիսկ իշխանություններն էին ոգեւորված։ Հիմա փաստորեն նահանջում են. «Ուշադիր ընթերցելով՝ հասկանում ենք, որ խուսափում է եւ պատրաստ չի որեւէ դրույթ իրականացնել»։ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ոչ մի սխալ էլ չկա. «Մենք գիտենք՝ ինչ ենք գրել, եւ այո պահանջում ենք, խնդրելու խնդիր չունենք»։ Արմեն Ռուստամյանը իշխանությունից լուրջ վերաբերմունք է սպասում 12 կետերին։ Տառակերության կարիք չկա. «Ադեկվատ չի պատասխանը այն լրջությանը, որը մենք այս քառյակով արել ենք, էդտեղ հապճեպ արված բան չկա»։ Արմեն Ռուստամյանը նույնպես կարծում է, որ Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ մերժել է 12 կետերի կատարումը։ Հոկտեմբերին սպասվող հանրահավաքն արագացնելու մասին, սակայն, քառյակը դեռ չի մտածել։ Ռուբեն Հակոբյանի տպավորությամբ իշխանությունը դրան է ձգտում. «Ի պատիվ Սերժ Սարգսյանի, հայտարարեց, այո, մենք չենք պատրաստվում ձեր նշած կետերից որեւէ մեկն իրականացնել»։