Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջհամայնքային տրանսպորտը թանկացել է

Հասարակություն
transport

Արդեն մի քանի օր է՝ Էջմիածին-Մասիս երթուղու ուղեվարձը բարձրացել է: Մինչև թանկանալը Էջմիածին-Մասիս երթուղին մեկ կանգառը (օրինակ Արարատի մարզի Գետաշեն թաղամասից մինչև Հայանիստ գյուղ) սպասարկում էր 50 դրամով, այսուհետ ուղևորները պետք է երթևեկեն 100 դրամով: Գյուղից գյուղ հասնելը նույնպես արժեր 50 դրամ, որն արդեն նախկինի փոխարեն կսպասարկվի 100-ով: Էջմիածին- Մասիս երթուղու վարորդներից մեկն ասաց, որ իրենք ուղեվարձը չեն բարձրացրել, բոլոր տեղերում էլ մեկ կանգառը սպասարկվում է 100 դրամով: Իսկ երթուղու գնից դժգոհող ուղևորներին վարորդը հորդորում է չօգտվել իրենց ծառայությունից՝ ասելով. «Էս ա գինը, ձեռ չի տալիս՝ մի նստեք»: Էջմիածին-Մասիս երթուղու մշտական հաճախորդ Վիկտորյա Ավագյանին զայրացրել է ավտոբուսի գնի բարձրացումը: Ասում է` ձեռքերը ծալած չի նստելու, բողոքելու է տրանսպորտի նախարարությանը. «Ձե՞ռ են առնում, ինչ է, մի թիքա ճամփան 100 դրամ են սարքել, սենց բան չեն անում, քանի տարի է՝ օգտվում ենք էս ավտոբուսից, միշտ էլ 50 դրամ ենք տվել»,- ասաց Արարատի մարզի Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասի բնակչուհին: Ուղեվարձի բարձրացման մասին Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչությունում անտեղյակ էին: Վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի փոխանցմամբ` երթուղու ուղեվարձը չի փոխվել, իսկ Էջմիածին-Մասիս երթուղին առանց կանգառների է սպասարկվում. «Էջմիածին-Մասիս երթուղու գինը չի փոխվել, նախկինի պես արժե 200 դրամ, այդ գծի վրա կանգառներ չկան, հետևաբար որևէ սակագնի փոփոխության մասին խոսք լինել չի կարող»,- «Ա1+»-ին հայտնեց Դավիթ Մելքոնյանը: Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալը բնակիչներին խորհուրդ է տալիս չօգտվել Գետաշեն-Հայանիստ կանգառից: Իսկ ի՞նչ անեն բնակիչները, եթե այդ երթուղին տարածքում միակն է. հարցի պատասխանը Դավիթ Մելքոնյանը չուներ: