Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

300 հազար մարդ գրանցվել է, որ դառնա ՌԴ քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքականություն
ashot

«Համամոլորակային աշխարհակարգը պահպանող ուժերը գնում են իրենց տրամաբանությամբ, իսկ մենք չգիտենք, թե հաջորդ քաոսը նրանք որ պետությունում կստեղծեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` անդրադառնալով Ղարաբաղի հարցին ռուս-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։ Պարոն Մանուչարյանը կարծում է, որ այսօր քաղաքական կլիման գրեթե բոլոր պետություններում կախված է ԱՄՆ և ՌԴ հակամարտությունից: Ամերիկան փորձում է Ռուսաստանին խաբել` Ադրբեջանի նկատմամբ կոշտ դիրքորոշում հայտնելով, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե ՌԴ-ն կարող է Ադրբեջանին դարձնել Մաքսային Միության անդամ պետություն. «Այս պահին համամոլորակային քաոս է. Եվրոպայի և ՌԴ-ի միջև կապն ընդհատվում է, իսկ Ուկրաինան դրա վառ օրինակ է, այդ պատճառով Ռուսաստանը փորձում է իր դիրքերը հաստատել Կովկասում».- շարունակեց Աշոտ Մանուչարյանը: Այն հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը գերտերությունների պայքարում քաոսից հնարավորինս խուսափելու համար, պարոն Մանուչարյանը պատասխանեց. «Հայաստանում ամեն ինչ քաոսի համար պատրաստ է` մենք ունենք կողոպտող իշխանություն, կողոպտող ընդդիմություն, այլ ուժերին սպասարկող հասարակություն, ԶԼՄ- ներ և այլն: Ելքեր կան, սակայն շատ դժվար է: Առաջինը պետք է հրաժարական տա Սերժ Սարգսյանը, քանի որ նա արժեզրկել է հայերին` ամեն մի լկտի վեր է կենում և մեզ հետ ոնց ասես խոսում, ժողովուրդը նրան չի վստահում, 300 հազար մարդ արդեն գրանցվել է, որ մյուս տարի դառնա ՌԴ քաղաքացի, իսկ մեզ այս պահին համախմբումն օդի և ջրի պես անհրաժեշտ է»: Հայաստանին ներկայիս ճահճային վիճակից փոքր-ինչ հանելու ելքերից հաջորդը Աշոտ Մանուչարյանը տեսնում է օլիգարխիկ կառավարության վերացման մեջ. «Այս օլիգարխ կառավարությունը պետք է հասկանա, որ ժամանակն է ոչ թե ոսկե աթոռներ և վարդակներ գնել իրենց տների համար և նոր բենթլիներ ձեռք բերել, այլ ժամանակն է օգտակար լինել պետությանը: Թող իրենց բիզնեսը զարգացնեն, սակայն կառավարությունից դուրս: Կառավարությունը չպետք է լինի փող ստեղծող մարդկանցից կազմված, քանի որ նրանք պետությունը դարձնում են ֆիրմա և սկսում փող աշխատել»: Անդրադառնալով հայ-ադրբեջանական հավանական պատերազմին` բանախոսը ընդգծեց. «Նախիջևանը մի տեղ է, որ կարող ես քաոս տարածել տարածաշրջանի մյուս ուժերի վրա՝ ներգրավելով Իրանը և հարևան պետությունները, քաոս ստեղծել նաև Հայաստանում»: