Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հեռացրել են աշխատանքից՝ պարտադիրին դեմ լինելու համար» (տեսանյութ)

Հասարակություն
Ani-dem-em-2

Դպրոցներում շարունակվում է ուսուցիչներին աշխատանքից անօրինական հեռացնելու գործընթացը։ Այս անգամ հեռացվել է Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Զովասար համայնքի մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաների ուսուցիչ Տիգրան Սարգսյանը։ Պատճառը, ըստ նրա, Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ընդվզելն է։ Նրա խոսքով՝ մինչ Կուտակային բաղադրիչից հրաժարվելու դիմում գրելն էլ դպրոցի տնօրեն Ալբերտ Սարգսյանը՝ մանկավարժական նիստերի ժամանակ, զգուշացրել է, որ անիմաստ չպայքարեն, քանի որ նրանց մոտ ոչինչ չի ստացվի. «Այլևս այս հարցը չբարձրացնեք` մանկավարժական նիստերի ժամանակ ասում էր տնօրենը»,- մեզ հետ զրույցում պատմեց Տիգրան Սարգսյանը։ Որպես աշխատանքից հեռացվելու հիմնավորում ընտրվել է «անհարգի բացակայություններ»-ը. «Ես կուտակայինի դեմ դիմումը գրեցի և դրանից հետո միայն ազատվեցի աշխատանքից։ Այդ դիմում գրողը միայն ես էի, եթե մի քանի հոգի էլ գրեին, և միայն ես դուրս գայի,այդ դեպքում այլ տիրույթում կփնտրեի պատճառը»,- մեզ հետ զրույցում ասաց աշխատանքից հեռացված ուսուցիչ Տիգրան Սարգսյանը։ Տիգրանը պնդում է, որ նրան աշխատանքից հեռացրել են օրենքի մի շարք խախտումներով. «Մայիսի 8-ին նա տվել է աշխատանքից հեռացման հրաման, սակայն ես գրքույկը և ծանուցումը ստացել եմ մի քանի օր առաջ, ինչն էլ օրենքի կոպիտ խախտում է, քանի որ աշխատանքային օրենսգիրքն ասում է, որ ազատման օրը պետք է գործատուն պատշաճ լրացնի գրքույկը և հանձնի աշխատակցին, ինչպես նաև ազատման հիմքերը և հրամանը, իսկ ես մինչ օրս հրաման չեմ ստացել»,- ընդգծեց Տիգրան Սարգսյանը։ Զովասարի միջնակարգ դպրոցում 1974-ից հետո ծնված ուսուցիչների թիվը մոտավորապես 15-ն է, բայց Տիգրան Սարգսյանից բացի, ոչ ոք դիմում չի գրել և հրաժարվել պարտադիր կուտակայինից. «Ես նրանց չեմ մեղադրում, քանի որ կնիքը տնօրենի ձեռքում է և ցանկացած պահի այն կարող է որևէ մեկի աշխատանքից հեռացվելու հրամանի տակ դրվել, իսկ այդ գյուղում աշխատատեղեր չկան, սոցիալական պայմաններն էլ լավ չեն։ Նրանց համար աշխատանքն առաջնային է, թեև բոլորն էլ դեմ են Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին»,-շարունակեց մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաների ուսուցիչ Տիգրան Սարգսյանը։ Իսկ Զովասարի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալբերտ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես նրան աշխատանքից հեռացրել եմ, ոչ թե պարտադիրի դեմ դիմում գրելու համար, այլ անհարգի բացակայությունների համար»։ Նշենք, որ այս պահին Զովասարի միջնակարգ դպրոցը չունի ինֆորմատիկա և մաթեմատիկա առարկաներ դասավանդող ուսուցիչ։ Ani dem em 1