Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն իրեն նույնացրել է պետության հետ. Ստ. Սաֆարյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
c921be7c16b92727e34ef03fb7a452fd

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի վերջին հայտարարությունը տարակարծությունների առիթ է հանդիսացել: Նա հստակ ակնարկներով է հանդես եկել ՀՀԿ-ի ապագայի եւ այլ քաղաքական ուժերի սպասելիքների ու նկրտումների վերաբերյալ: ՀՀԿ-ն իրեն նույնացրել է պետության հետ: Սա, ըստ «Ժառանգության» փոխնախագահ Ստեփան Սաֆարյանի, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որը եւս մեկ անգամ հաստատվեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի վերջին հայտարարությամբ: Պարոն Շարմազանովը հարկ էր համարել զգուշացնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք հավակնում են դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ապագա տասնամյակում միակ, հիմնական ճանապարհը ՀՀԿ-ն է. «Թերեւես ՀՀԿ-ն ակնարկում է, որ իշխանությունը որեւէ մեկին զիջելու ցանկություն չունի, եւ հարցազրույցների միջոցով ակտիվացած 2-րդ նախագահին առաջին հերթին փորձում են հասկացնել, որ կամ նա պետք է դառնա ՀՀԿ անդամ եւ նոր միայն վերադառնա իշխանության, այլ պարագայում ուղղակի ՀՀԿ-ն բացառում է որեւէ այլ մեկի իշխանության վերադարձը»: Էդուարդ Շարմազանովի կարծիքով` ՀՀ-ում նոր քաղաքական իրավիճակ է, գործում են նոր քաղաքական խաղի կանոններ, որոնք բխում են Սերժ Սարգսյանի հայտարարությունից։ Ստեփան Սաֆարյանը հիշեցնում է պարոն Սարգսյանի հայտարարության մի հատված Սահմանադրական բարեփոխումների մասին խոսելիս. «Կետերից մեկը վերաբերում էր պատահական մարդկանց իշխանության գալու հնարավորության բացառմանը»: ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը Էդուարդ Շարմազանովի ասածը դասական քաղաքական իմաստով անընդունելի է համարում, քանի որ այն հակասում է ՀՀ-ի` ժողովրդավարական ուղով զարգանալու փիլիսոփայությանը. «Եթե առաջնորդվենք պարոն Շարմազանովի ասած տրամաբանությամբ, ապա որտեղ մնացին ընտրությունները, որտեղ մնաց ժողովուրդը: Վերջիվերջո մենք պետք է հասկանանք մի պարզ իրողություն` ՀՀ-ում իշխանությունը ձեւավորում է ժողովրդի միջոցով»: Արդյոք ՕԵԿ-ը, լինելով ՀՀԿ-ի հետ կոալիցիա, ինչպես է հարմարվել, ինչպես պարոն Շարմազանովն էր ասել, ՀՀԿ-ի` քաղաքական դաշտի թիվ մեկ ջութակը լինելու հանգամանքին. «Այս տարիների ընթացքում մշտապես շրջանառության մեջ է եղել իշխող քաղաքական ուժ հասկացությունը, այլ ոչ՝ իշխող քաղաքական կոալիցիա: Իհարկե, այդտեղ կարելի է փնտրել միտումներ, բայց այս պահին ես զերծ կմնամ մեկնաբանություններից»։ Արդյոք ընդդիմությունն ունի՞ հակակշռման հնարավորություն. «Առաջին հերթին ընդդիմադիր դաշտում պետք է հստակեցում գնա, հակառակորդի հետ պատերազմելիս չի կարելի թողնել, որ քո, այսպես ասած, սահմանագիծը լղոզված լինի նրա հետ, ու դու չիմանաս, թե որտեղ է ավարտվում նրա դիրքերը ու որտեղ սկսվում քոնը»: Ի դեպ, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը եւս արձագանքել էր Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը` նշելով, որ այն վիրավորական է առաջին հերթին ՀՀԿ չընտրած քաղաքացիների համար: Ըստ պարոն Ուրիխանյանի` ՀՀԿ-ն պետք է պարզաբանում տա առաջիկա տասնամյակում միակուսակցական դիկտատուրայի մասին ակնարկների վերաբերյալ: