Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կոչը ֆեյքերի մասին

Կարևոր լուրեր Հասարակություն
aj2

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը խիստ անհանգստացած է Հայաստանի խորհրդարանում քննարկվող, Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում փոփոխություններ ենթադրող օրինագծով։ Այս մասին նշված է կազմակերպության կայքում Ըստ օրինագծի՝ լրատվամիջոցները պետք է պատասխանատվություն կրեն իրենց կայքերում տեղադրված մեկնաբանությունների, ինչպես նաև համացանցի այլ էջերից վերարտադրած բովանդակության համար։ Օրինագիծը մշակած խորհրդարանականները նշում են, որ իրենց նպատակն է պայքարել զրպարտող և վիրավորական առցանց մեկնաբանությունների դեմ, որոնց հեղինակներին խրախուսում է անանուն մնալու հնարավորությունը։ «Թեև խորհրդարանականների նշած նպատակը գովելի է, սակայն այս օրինագիծը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանում առցանց տեղեկատվության ազատության նկատմամբ»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Իոհան Բիհրը։ Նա հավելել է, որ օրինագծի անհստակ և տարընթերցումների տեղիք տվող ձևակերպումները դատավորներին ընձեռում են օրինագիծը մեկնաբանելու չափազանց լայն հնարավորություններ։ «Սակայն խնդիրն ավելի մեծ է, քան միայն ձևակերպումները։ Լրատվամիջոցները չեն կարող պատասխանատու լինել այն բովանդակության համար, որն իրենք չեն ստեղծել, իսկ առցանց անանունությունը համացանցի՝ որպես բանավեճի և ազատորեն հաղորդված տեղեկատվության հարթակի հիմնարար սկզբունքներից է։ Մենք խորհրդարանականներին հորդորում ենք հանել այս օրինագիծը և խրախուսել ինքնակարգավորումը»,- ասել է Բիհրը։ Հայաստանը 180 երկրի մեջ 78-րդն է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2014թ.-ի մամուլի ազատության վարկանիշային աղյուսակում։ Ըստ կազմակերպության կայքի՝ այս օրինագծի ընդունումը հավանաբար բացասաբար կազդի 2015թ.-ի աղյուսակում Հայաստանի դիրքի վրա։