Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Հարությունյանին կդատեն ապրիլի 14-ից հետո

Քաղաքականություն
հրաչյա

Մոսկովյան խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող «ԿամԱզ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանը կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչեւ ապրիլի 14-ը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը։ «Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանում կայացավ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցով դատական նիստը։ Հարությունյանը ցանկություն հայտնեց արագացված դատաքննություն անցկացնել եւ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշումը թողնել դատարանի հայեցողությանը»,-ասաց պարոն Մարգարյանը։ Ինչ վերաբերում է՝ Հրաչյա Հարությունյանի կալանքի օրինականությանը, փաստաբանը նշեց. «8 ամիս նրան կալանքի տակ պահելու որոշումը կայացրել է Մոսկվայի Տվերսկյան դատարանը։ Հոդվածը, որով մեղադրվում է Հարությունյանը՝ միջին ծանրության է, ինչը նշանակում է, որ 6 ամսից ավել կալանքի մասին որոշում կարող է կայացնել միայն Մոսկվայի քաղաքային դատարանը, ոչ թե շրջանային դատարանը կամ դատավորը։ Հետեւաբար, Հարությունյանը երկու ամիս անօրինական է մնացել կալանքի տակ, որը չի համապատասխանում քաղաքացիական եւ քաղաքական իրավունքի միջազգային պայմանագրին։ Իսկ «ոչ օրինական» կալանքը երկարաձգելը՝ ոչ օրինական է»։ Ռուբեն Մարգարյանը տեղեկացրեց, որ դատարանը, սակայն,  որոշում կայացրեց մինչեւ ապրիլի 14-ը երկարաձգել Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը.«Դա մենք կբողոքարկենք»,-եզրափակեց փաստաբանը։ Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ: