Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե հայերին ճանաչում են ցեղասպանությամբ, թող այդպես ճանաչեն» (տեսանյութ)

Քաղաքականություն
chakryan

«Հայոց ցեղասպանության ճանաչմամբ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի դիքերը կամրապնդվեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն «Ա1+»-ի հարցին, թե ինչ կտա Հայաստանին Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, պատասխանեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Պարոն Չաքրյանի կարծիքով` Ցեղասպանության ճանաչումը նաև Հայաստանի նկատմամբ Թուրքիայի սադրիչ գործողությունները կսահմանափակի: «Թուրքերը մեղադրվելով ցեղասպանություն իրագործելու մեջ՝ չեն կարող Հայաստանի նկատմամբ սադրիչ գործողությունների դիմել»: Ճանաչումը նաև դրական կազդի Լեռնային Ղարաբաղի շուրջ այսօր իրականացվող բանակցային գործընթացների վրա. «Այսօր Ադրբեջանը Թուրքիայի թիկունքում է, և եթե Թուրքիան հեղինակազրկվի, Ադրբեջանը նույնպես կհեղինակազրկվի»: «Ա1+»-ի դիտարկմանը, թե կա տարածված կարծիք, որ աշխարհը հայերին ճանաչում է միայն որպես ցեղասպանության տեսած ժողովուրդ, Հակոբ Չաքրյանը այսպես պատասխանեց. «Գուցե այդպիսի տպավորություն ստեղծվի, բայց այդպես չի: Ցեղասպանությունը շատ մեծ խնդիր է»: Թուրքագետի գնահատմամբ, այն դեպքում, երբ այդ հարցը ամիսներ շարունակ քննարկվում է Փարիզում, խնդիրը միջազգային հնչեղություն է ստանում. «Այդ ժամանակ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանին ճանաչում են ցեղասպանության միջոցով: Ոնց ուզում են՝ թող ճանաչեն: Ես դեմ չեմ: Եթե ճանաչում են ցեղասպանությամբ, թող ցեղասպանությամբ ճանաչեն»: