Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յանուկովիչ. «Ես ոչ մի տեղ չեմ փախել»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Yanukovich

Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայրենիք կվերադառնա, հենց տրվեն իր և իր ընտանիքի անվտանգության երաշխիքներ: Այս մասին հայտարարեց Յանուկովիչը Դոնի Ռոստովում քիչ առաջ ավարտված մամուլի ասուլիսում: Նա վստահեցրեց, որ գործող նախագահ է, չի կարող իմպիչմենտ անվանել «այն ներկայացումը, որը տեղի ունեցավ խորհրդարանում», և չի մասնակցելու Ուկրաինայում մայիսին նշանակված նախագահական ընտրություններին: «Ես ոչ մի տեղ չեմ փախել: Ես Կիևից տեղափոխվել եմ Խարկով»,- պատմեց Յանուկովիչը: Տեղափոխվելու ընթացքում իր վրա կրակել են ավտոմատ զենքից, իրեն «փակող» ավտոմեքենան ամեն կողմից գնդակոծված է եղել: «Վախ ընդհանրապես չկար»,- ասաց Վիկտոր Յանուկովիչը՝ նշելով, որ Ռուսաստան թռչելը պայմանավորված է եղել անվտանգության նկատառումներով: «Ես Ռուսաստանում հայտնվեցի՝ հայրենասեր սպաների շնորհիվ, ովքեր կատարեցին իրենց պարտքը և ինձ օգնեցին՝ պահպանել կյանքս»,- ասաց Յանուկովիչը: Նա նշեց, որ չի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, բայց Ռուսաստան մուտք գործելուց հետո նրա հետ հեռախոսազրույց է ունեցել: Նրանք պայմանավորվել են հանդիպել, հենց Պուտինը հնարավորություն ունենա: «Պուտինը հաստատե՞լ է, որ Ռուսաստանը Ձեզ համարում է նախագահ»,- լրագրողի հարցին Յանուկովիչը պատասխանեց, որ շարունակում է մնալ ժողովրդավար ճանապարհով ընտրված նախագահ: Իսկ Պուտինի վերաբերմունքը կհասկանա հանդիպումից հետո: Լրագրողի հարցին, թե ինչու է Դոնի Ռոստովում է և ոչ Մոսկվայում՝ Յանուկովիչը պատասխանեց, որ եկել է Ռոստովի մոտ ապրող իր հին ընկերոջ մոտ ժամանակավոր ապաստան գտնելու: Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի ներկայիս իշխանություններին կոչ արեց հեռանալ: «Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ովքեր տուժել են և տառապում են: Եթե հիմա Ուկրաինայում լինեի, կխոնարհվեի յուրաքանչյուրի առաջ և կհանդիպեի յուրաքանչյուր ընտանիքին: Ես ամեն ինչ կանեմ, որ լինեմ Ուկրաինայի ժողովրդի հետ և ոչ թե այդ սրիկաների»,- ասաց Յանուկովիչը: Միաժամանակ նա ասաց, որ ուկրաինացի ժողովրդի առջև կատարվածի համար մեղավոր է Արևմուտքը: «Ես երբեք ոստիկանությանը չեմ տվել կրակելու հրաման: Ոստիկանությունը մինչև վերջին պահը անզեն էր»,- հայտարարեց Յանուկովիչը: Սակայն նա հավելեց, որ իրենց կյանքին զանգվածաբար սպառնացող վտանգի դեպքում ոստիկանները ստիպված էին կրակել, ինչն օրենքը թույլ է տալիս: Անդրադառնալով Ղրիմում սկսված ճգնաժամին՝ Յանուկովիչն ասաց՝ այն, ինչ կատարվում է Ղրիմում, բացարձակ բնական արձագանք է Կիևում տեղի ունեցած «ավազակային հեղաշրջմանը» և մի խումբ մարդկանց կողմից իշխանության ուզուրպացիային՝ հակառակ Ուկրաինայի 46 մլն-անոց բնակչության: Յանուկովիչը բնական համարեց ղրիմցիների ցանկությունը՝ պաշտպանելու իրենց տները և ընտանիքները, բայց միաժամանակ խնդրեց ղրիմցիներին թույլ չտալ արյունահեղություն: «Ղրիմը պետք է մնա ուկրաինական պետության կազմում՝ պահպանելով լայն ինքնավարություն,- ասաց Վիկտոր Յանուկովիչը և հավելեց:- Համարում եմ, որ Ուկրաինան պետք է մնա միասնական և անբաժան»: Նա կտրականապես դեմ արտահայտվեց Ուկրաինա արտաքին ներխուժմանը: Անդրադառնալով Նիժեգորյեում իր շքեղ առանձնատանը՝ Յանուկովիչն ասաց, որ 620 քառ. մետր տարածքով այդ տան սեփականատերն է, իսկ մնացած տարածքները վարձակալում է: Տունն իրեն մշտական օգտագործման է տրամադրվել նախագահներ Կուչմայի և Յուշչենկոյի որոշումներով, ինքը վերանորոգել է տունը, իսկ հետո գնել՝ վճարելով իր հայտարարագրած փողերից: «Այնպես որ, բոլոր գեղեցիկ նկարները, որ արվել են ինձ վարկաբեկելու համար, քաղաքական հնարք են: Ես երբեք որևէ սեփականություն չեմ ունեցել արտասահմանում, ես երբեք չեմ ունեցել ոչ մի հաշիվ արտասահմանում, ես հանրային մարդ եմ»,- եզրափակեց Յանուկովիչը: