Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՂԶԼՋՈՒՂՈՒՄ ՔԱՆԴՎԵԼ ԵՆ ՏՆԵՐ

Մարզեր

Լուրեր մարզերից

Սիսիանի տարածաշրջանի Ղզլջուղ գյուղի բնակելի տների հիմնական մասը վթարային է: Դրանք հիմնականում հողաշեն են եւ կառուցվել են նախքան 1937թ-ը: Տեղացած առատ ձյունը Արզումանյանների բնակելի տան տանիքի քանդման պատճառ դարձավ: Տանիքին զուգահեռ տան հիմնական պատը եւս փլուզման եզրին է:

Արթուր Արզումանյանը ընտանիքի 4 անդամներով շարունակում է բնակվել ծայրահեղ վթարային դարձած իր տանը: Սեփական միջոցներով վերանորոգում կատարել չի կարող, համայնքի հնարավորությունները եւս սուղ են:

Նմանատիպ խնդիրը համայնքում համատարած բնույթ ունի: Հիմնականում Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներով վերաբնակեցված Ղզլջուղ գյուղը յուրաքանչյուր ձմեռ կանգնում է տների քանդման փաստի առջեւ: Հիմնախնդիրը գյուղապետ Մարատ Պետրոսյանի խոսքով հնարավոր է լուծել միայն պետական աջակցությամբ:

Սիսիանի «Սյունի» հ/ը

ՄԻՆՉԵՎ ԳԱՐՈՒՆ ԱՌԱՆՑ ՋՐԻ

Տարածաշրջանի Շաքե գյուղի ավելի քան 20 ընտանիքներ մեկ ամիս է, ինչ ջուր չունեն: Գյուղացիները խմելու եւ կենցաղային նպատակներով ջուր ունենալու համար ստիպված են երկար ճանապարհ անցնել: Համայնքապետի խոսքով խնդիրը ծագել է խողովակաշարի խցանման հետեւանքով:

Գյուղը ջուր ստանում է մի քանի ջրաղբյուրներից: Ավազանը, որից ջուր է մատակարարվում գյուղի մի մասի բնակիչներին, նոր է հայտնաբերվել: Համայնքապետ Վահան Ղազարյանի խոսքով մինչ այդ, ճիշտ է, ջուրը միշտ էլ սակավ է եղել, բայց նման խնդրի առջեւ չեն կանգնել: Ուստի ավազանի մասին հիշելու առիթ չի եղել:

Գյուղացիները ջուր ունենալու համար ստիպված են սպասել մինչեւ գարուն, քանի որ գյուղապետի խոսքով ձնի եւ ցրտի պատճառով այժմ վերանորոգում կատարել չեն կարող:

Ներկա դրությամբ մտավախություն կա, որ խողովակաշարը հետագա շահագործման համար պիտանի չի լինի` ստիպված են մտածել նոր խողովակաշարի մասին: Ի դեպ, շարքից դուրս եկած է նաեւ ողջ գյուղի խողովակաշարը, որի պատճառով համայնքում ջրի խնդիր առաջանում է նաեւ ամռանը, հատկապես` ոռոգման ժամանակաշրջանում:

Սիսիանի «Սյունի» հ/ը

19-ՕՐՅԱ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

19 օր ու գիշեր Անգեղակոթի ջրամբարում իրականցվում էին որոնողական աշխատանքներ: Հունվարի 28-ի լույս 29-ի երեկոյան ժամը 24:00-01.00-ի սահմաններում Սիսիանի տարածաշրջանի Անգեղակոթի ջրամբարում ջրասույզ էին եղել 40-ամյա Գրիգոր Թումանյանն ու 21-ամյա Արթուր Խաչիկյանը: ՀՀ Փրկարարական ծառայության փրկարարաների աշխատանքը արդյունք տվեց փետրվարի 16-ին, երբ ժամը 16:00-ի սահմաններում նրանք վերջապես գտան ջրասույզ եղածների դիակները:

Նշենք, որ Արթուր Խաչիկյանի հայրն ու եղբարը եւս տարիներ առաջ խեղդվել էին այս նույն ջրամբարում:

Սիսիանի «Սյունի» հ/ը