Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻՆ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ

Մարզեր

Գյումրիում «Լինսի» հիմնադրոմով, կամ այլ ֆինանսական աղբյուրով շինարարություն չի իրականացվում, քանի որ այդպես է ուզում Ռոբերտ Քոչարյանը: Այդպես է մտածում «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» աշխատանքային խմբի ղեկավարը: Այսօր աշխատանքային խմբի նախաձեռնությամբ Գյումրիի 50 հ/կ-ների անունից հստակեցվել է այն նամակի նախագիծը, որն ուղարկվելու է Ռոբերտ Քոչարյանին եւ բարերար Քըրք Քըրքորյանին:

Նամակ գրելու հիմնական պատճառն այն է, որպեսզի բարերարին հաղորդվի աղետի գոտում շինարարության դադարեցման մտահոգությունը: Գյումրեցիները Քըրք Քըրքորյանին խնդրելու են նաեւ, որ «Լինսի» հիմնադրամը Գյումրիում շարունակի իրականացնել շինարարական, մասնավորապես, բնակարանաշինական ծրագիր: Նամակի բովանդակության համաձայն բնակարանաշինական ծրագրի իրականացմանն անհրաժեշտ է 45-50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Գյումրիում բնակարանաշինական ծրագիր չի իրականացվում արդեն 2 տարի, պետբյուջեն եւ հատկապես «Լինսի» հիմնադրամը այս նպատակով հատկացումներ չեն անում: Իսկ այս պահին Գյումրիում անօթեւանների մեծ թիվ կա: Չնայած քաղաքապետարանից դեռեւս հստակեցում չի եղել, սակայն աշխատանքային խմբի նախագահ Սերգեյ Նազարեթյանը համոզված է, որ խոսքը 4200 անօթեւան ընտանիքի մասին է:

Ռոբերտ Քոչարյանին ուղարկվելիք նամակն, ի տարբերություն բարերարի նամակի, ունի լրացուցիչ դրույթ, որում ասված է, թե «Բնակարանների Գնումների Վկայական» (ԲԳՎ) ծրագիրն այլեւս արդյունավետ չէ: Շիրակի մարզպետարանի տեղեկատվության համաձայն, 2005 թվականին ԲԳՎ է ստացել 374 անօթեւան, սակայն բնակարաններ ձեռք են բերել նրանցից միայն 39:

Բարերարին ուղղված նամակը թարգմանվելու է անգլերեն: Երկու նամակների տակ մեկ շաբաթվա ընթացքում պետք է ստորագրեն բոլոր այն կազմակերպություններն ու կառույցները, որոնց մտահոգում է գյումրեցի անօթեւանների ճակատագիրը:

Գյումրիի «Ցայգ» հ/ը