Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նյարդերի կռիվ՝ Ուկրաինայի հարցում

Քաղաքականություն
0d86ca00b3daa11cceed40ccca8153ea

Այս գիշեր Կիևում տեղի ունեցած ողբերգական բախումներին միջազգային հանրության տված գնահատականներում արդարություն փնտրել պետք չէ: «Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: «Աշխարհաքաղաքական պայքար է գնում, պարզ է՝ ոչ մեկն էլ օբյեկտիվ գնահատական չի տալիս: Արևմուտքում արդեն որոշել են, որ մեղավորը Յանուկովիչն է: Ռուսաստանում էլ արդեն գիտեն, որ մեղավորը օպոզիցիոն շրջանակներն են: Այսինքն՝ էստեղ արդեն գնում է նյարդերի կռիվ»,- ասաց Երվանդ Բոզոյանը՝ հավելելով, որ այսպիսի դեպքերում միջազգային հանրությունը միշտ հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով: Այս գիշեր Կիևում տեղի ունեցած բախումները, քաղաքագետի գնահատմամբ, մեկ դրվագ էին իշխանության և ընդդիմության ընդհանուր հակամարտության մեջ: Բոզոյանի դիտարկմամբ՝ Ուկրաինայում պայքարը մի քանի հարթությունում է: Իրար դեմ պայքարում են Արևելյան և Արևմտյան Ուկրաինայի շահերը ներկայացնող տարբեր խմբավորումներ: Արևմուտքի և Ռուսաստանի միջև կա աշխարհաքաղաքական պայքար՝ Ուկրաինայի տեղն ու դերը համաշխարհային բաժանման համատեքստում որոշելու համար: Կոնֆլիկտն ունի նաև սոցիալական ուղղվածություն: «Կոռուպցիոն բաղադրիչը շատ մեծ է այդ երկրում: Կարելի է ասել, որ իշխող վերնախավը չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ իր սեփական հասարակության հետ: Մեծ հաշվով, ըստ էության, այնտեղ ձևավորվել է մի այնպիսի համակարգ, որը չի թողնում, որ երկիրը նորմալ զարգանա»,- ասաց Երվանդ Բոզոյանը: Նա նշեց, որ փաստացի Ուկրաինան բաժանված է արևելքի, արևմուտքի և հարավի միջև: Ընդ որում, Բոզոյանի կարծիքով, ուկրաինացիներն այն ազգն են, որի դեպքում ավելի ճիշտ կլինի զարգանալ դաշնային պետության կազմում: Նրա խոսքով՝ Ուկրաինայում ժողովրդի նույնականացումը շատ տարբեր է, մարդիկ նույնիսկ իրենց պատմությունը տրամագծորեն տարբեր են պատկերացնում: