Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները՝ կառավարության մոտ (տեսանյութ)

Հասարակություն
akcia2

Ոչ մի ակնկալիք կառավարությունից, բայց կրկին կառավարության շենքի մոտ են Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները։ Նրանք առ այսօր չեն համակերպվում հատկացված փոխհատուցման գումարի չափի հետ։ «Չկարողացա ընտանիքիս կեսի համար բնակարան առնել։ Ես պահանջում եմ մնացած տարբերությունը, որ կերել են թաքուն՝ հետ տան, կամ տեղում ինձ բնակարան տան»,- ասաց նախկին բնակիչ Ժենյա Պողոսյանը։ Իսկ Գոհար Ասատրյանն էլ ավելացնում է, որ միայն ընտրություններից առաջ են ասում, որ իրենց հարցերը կլուծվեն, իսկ հետո հրաժարվում են. «Ասում են՝ փող չկա, բա չկա՝ մեր փողերը չուտեիք։ Զախարյանն է կերել, Քոչարյանն է կերել, կանչեք- ասեք, թող մեր փողերը տան, դատարկեն իրանց գրպաններից, տան»։ Փոքր կենտրոնից վտարված քաղաքացիները կուզենային, որ հայրենի կառավարությունը փոքր-ինչ ընդօրինակեր այլ երկրների ղեկավարներին, երբ մարդու տունը քանդելով ոչ միայն տեղում տուն են տալիս, այլեւ՝ գումար. «Որ մարդը ուրախ- ուրախ դուրս գա, իսկ մենք լացելով, ողբալով դուրս եկանք»,- ավելացրեց Ժենյա Պողոսյանը։ Իսկ Կենտրոնի նախկին բնակչուհի Քնարիկ Առաքելյանն էլ հիշեցնում է, որ ընդամենը 25 ընտանիք է մնացել առանց տանիքի, եւ եթե ամեն մեկին մի 25-30 հազար դոլար տան, իրենք էլ կավելացնեն եւ բնակարան կառնեն։ Եթե բողոքող քաղաքացիների մեծ մասը դժգոհ է փոխհատուցման չափից, ապա Մարիամ Գիշյանը պնդում է, որ ինքն ընդհանրապես գումար չի ստացել եւ այժմ 6 երեխաների հետ միասին ապրում է վարձով։ Բնակիչների բողոքը լսեցին միայն ոստիկանները։