Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեղուտում ջրի խնդիր է առաջացել

Հասարակություն
9c7390d9090fe5fa3158646e2906cb65

Թեղուտում այսօր գյուղացիների համար առաջնային խնդիրը ջրի հարցն է։ «Թեղուտի հանքի շահագործման համար տարվող աշխատանքների արդյունքում ջուրն ամբողջությամբ աղտոտվել է։ Թեղուտցիներից շատերը ջուր չունեն։ 2007-08թթ. երբ բոլորին հայտնի էր, որ շահագործվելու է հանքը, Թեղուտի նախկին գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը խոստացել էր, որ առաջինը լուծվելու է ջրի խնդիրը։ Բայց ինչպես տեսնում ենք՝ անցել է մի քանի տարի, սակայն գյուղացիները ջուր չունեն»,- «Ա1+»-ին տեղեկացրեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։ Բնապահպանը նկատում է, որ հանքի շահագործման գաղափարով ոգեւորվածված թեղուտցիները սկսել են հիասթափվել. «Այն ընտանիքները, որոնք պատրաստակամություն հայտնեցին աշխատել հանքում, այսօր դժգոհում են, որ աշխատավարձը շատ չնչին է։ Տեսնում են, որ իրենց շրջապատող միջավայրը կորցնում է նախկին տեսքը»։ Ինգա Զարաֆյանը տեղեկացրեց նաեւ, որ հունվարի 17-ին «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ընկերությունը հասարակական քննարկում է կազմակերպելու. «Ամենայն հավանականությամբ հենց այդ ժամանակ էլ հայտնի կդառնա, թե երբ է շահագործվելու հանքը»։ «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանն էլ հայտնեց, որ գյուղացիներին՝ հանքի շահագործումից հետո առաջացող հետեւանքների մասին իրազեկելու աշխատանքները շարունակվում են։ «Վերջերս ցուցադրեցինք «Հայաստանի կոտրվող ողնաշարը» ֆիլմը, որը հանքաարդյունահանվող Սյունիքի իրական պատկերի մասին է։ Հանքը, որպես այդպիսին չի շահագործվում, հանքաքարի մշակում տեղի չի ունենում։ Մենք դեռ կարող ենք փոխել ամեն ինչ»,-եզրափակեց բնապահպանը։