Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կողմնորոշվել մինչեւ փետրվարի վերջ

Տնտեսություն
պարտադիր

Այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ է մտել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ Տեղյա՞կ են արդյոք ՀՀ քաղաքացիները, թե ի՞նչ պետք է անեն. Իրե՞նք պետք է ընտրեն իրենց կուտակային ֆոնդը, թե իրենց ղեկավարները։ «Ա1+»-ը հարցումներ կատարեց ՀՀ պետական գերատեսչություններում՝ պարզելու, թե արդյո՞ք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին ընդգրկվելու գործընթացն սկսված է։ Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ աշխատակիցները դեռ կողմնորոշման փուլում են, այս պահին հանգամանորեն ծանոթանում են եւ ըստ այդմ կկողմնորոշվեն։ Գյուղատնտեսության նախարարությունն էլ տեղեկացրեց, որ կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը յուրաքանչյուր մարդու անձնական իրավունքն է եւ այս պահի դրությամբ հրապարակման ենթակա չէ։ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ԱԻՆ աշխատակիցներն ընդգրկված չեն պարտադիր կուտակային համակարգի մեջ։ «Փրկարարները որպես հատուկ ծառայողներ պարտադիր վճարում չեն անելու, իսկ ԱԻՆ քաղծառայողներն իրենք են ընտրելու իրենց կուտակային ֆոնդը, դա յուրաքանչյուրի անձնական իրավունքն է։ Քաղծառայողների կուտակային ֆոնդերի ընտրության գործընթացն արդեն մեկնարկել է»,-ասաց պարոն Գրիգորյանը՝ հավելելով, որ պարտադիր կուտակային համակարգում ընդգրկված չեն նաեւ ՊՆ, Ազգային Անվտանգության եւ Ոստիկանության աշխատակիցները։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին ընդգրկվելու համար քաղաքացին կարող է օգտվել անվճար եւ վճարովի հնարավորություններից։ Եթե քաղաքացին չունի նույնականացման (ID) քարտ, ապա կարող է անձնագրով դիմել հաշվիչ օպերատոր հանդիսացող բանկերին կամ «ՀայՓոստի» մասնաճյուղեր՝ գրանցվելու, կառավարչին եւ ֆոնդն ընտրելու համար։ Իսկ եթե ունի նույնականացման քարտ, ինչպես նաեւ էլեկտրոնային ստորագրություն, ապա կարող է գրանցվել համապատասխան կայքում։ Կենտրոնական բանկի փոխանցմամբ, եթե քաղաքացին մինչեւ փետրվար ամսվա վերջ չի կարողանում կողմնորոշվել ֆոնդի տեսակի եւ ֆոնդի կառավարչի ընտրության հարցում, ապա նրա փոխարեն՝ պատահականության սկզբունքով ֆոնդ եւ կառավարիչ է ընտրում Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը (AMPIS): Ըստ օրենքի, 1974թ-ից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիները պետք է իրենց կենսաթոշակային հաշվի վրա պարտադիր կուտակում կատարեն։