Ինչպես խուսափել հետտոնական սթրեսից
Տոներից հետո, հատկապես՝ Ամանորյա եւ Սուրբ ծննդյան, մարդկանց համար դժվար է վերադառնալ առօրյա կյանքին, աշխատանքին։ Ոմանք ունենում են հետտոնական սթրես։ Ինչպես մեկնաբանում է հոգեբան Խաչիկ Գասպարյանը, հետտոնական սթրես առաջացնում է ակնկալիքների ու հույսերի չիրականացումը։ «Մարդիկ միշտ պլանավորում են իրենց տոն օրերը, դրանից հետո ոչինչ չեն պլանավորում։ Ամանորին սպասում են հրաշքի, ակնկալում նոր ձեռքբերումներ ու հաջողություններ եւ տոներից հետո վերադառնալով նախկին կյանքին՝ հասկանում են, որ ամեն ինչ նույնն է՝ նախկին հոգսերը, նախկին աշխատանքը, նույն աշխատավայրը, եւ ստեղծվում են կրկնակի դժվարություններ հատկապես աշխատանքի վերադառնալիս։ Իրավիճակը փոխելու համար գործատուները պետք է այնպիսի պայմաններ ստեղծեն, որ աշխատակիցները հաճույքով աշխատեն տոներից հետո։ Աշխատանքը պետք է լինի բերկրանքի աղբյուր»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց հոգեբանը։ Հետտոնական սթրես կարող է առաջացնել նաեւ գերսնվածությունը, երբ ծանր մարմնական վիճակն ազդում է նաեւ հոգեկան վիճակի վրա. «Տոները եւ հանգիստը մենք կապում ենք ուտելիքի հետ։ Տոն օրերին անկանոն սնուցումը իր հերթին կրկնակի սթրես է մեր օրգանիզմի համար։ Այս ամենը նույնպես ազդում է մեր տրամադրության վրա»։ Հոգեբանը հավելում է, որ պետք է իրատեսորեն գնահատել եղածը եւ նախապատրաստվել հանգստյան կամ տոնական հաջորդ օրերին։ Իսկ հաջորդ տոնը ՀՀ քաղաքացիների համար հունվարի 28-ն է՝ հայոց Բանակի կազմավորման օրը։