Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՂՆՁԵ ՔԱՆԴԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ` ԲՐՈՆԶԵ

Մշակույթ

33 տարի Ֆրանսիայում ապրող քանդակագործ Դավիթ Երեւանցին այսօր Երեւանում բացեց իր առաջին հուշաքանդակը: Ավելի ստույգ՝ վերաբացեց իր՝ 38 տարի առաջ ստեղծած աշխատանքը:

1967թ-ին դեռեւս երրորդ կուրսի ուսանող Դավիթ Երեւացին պետպատվերով Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում տեղադրեց իր առաջին հուշաքանդակը` «Այս տանը ապրել է մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը» մակագրությամբ: Պղնձե հարթաքանդակը տարիների ընթացքում քայքայվել է, եւ քանդակագործը որոշել է սեփական միջոցներով նորը պատրաստել, բայց այս անգամ բրոնզից:

Արվեստագետը ասում է, որ «վերածնված աշխատանքն» ավելի կատարյալ է, սակայն սիմվոլներն ու խորհուրդը պահպանվել են՝ հավատարիմ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտությանը. «Նուրբ է նրա երաժշտությունը, շատ նուրբ երանգներ ունի՝ սրտին մոտիկ, հոգուն հարազատ, ազգային է: Զարմանում եմ՝ Ռուսաստանում կրթված մարդը ինչպես կրող էր իր մեջ գեները կրթել եւ արտահայտվել այսպես. ուրեմն նա ունեցել է օրգանական ծարավ, սեր եւ համակրանք հայրենիքի նկատմամբ»,- ասաց Դավիթ Երեւանցին՝ շարունակելով, որ դասական երաժշտությունը ներշնչում է իրեն.«Այն կարող է բոլոր նյութերը մաշել, հոգին մաշել, հոգու մեջ տեսնել տիեզերական բոլոր արարչագործությունները»:

Դավիթ Երեւանցու աշխատանքները սփռված են աշխարհով մեկ. «Ես տարվա ընթացքում տարբեր երկրներում եմ ապրում, ինքս էլ եմ զարմանում, ոնց եմ ժամանակ գտնում Երեւան գալու: Երեւանը սիրում եմ, որովհետեւ ծնվել եմ այստեղ: Նալբանդյանի տղա եմ, ծիրան կերած Դավիթն եմ»:

Մեկ շաբաթից Դավիթ Երեւանցին վերադառնալու է Ֆրանսիա, թե երբ վերստին Երեւան կգա, հայտնի չէ: Բայց նրա 450 աշխատանքներից 250-ը Կենտրոն թաղապետարանի նախաձեռնությամբ տեղափոխվելու են եւ ցուցադրվելու Երեւանում:

Իսկ այսօրվա արարողությանը մասնակցում էին արվեստագետներ, մտավորականներ, Կենտրոնի թաղապետը, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ի դեպ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենը վերջինիս շնորհակալություն հայտնեց առաջին անգամ այստեղ հյուրնկալվելու համար: