Բացել լրահոսը Փակել լրահոսը
422283625_389249317412028_7668756705456100549_n
A A
Հասարակություն

ՀՀ կառավարությունը շահագրգռված չէ լուծելու մեր խնդիրները. Գրիշա Հովհաննիսյան

Մեծ է հավանականությունը, որ ուսումնական տարվա ավարտի հետ կավելանա արցախցիների երրորդ երկիր արտագաղթը։

Ա1+-ի հետ զրույցում այս մասին մտահոգություն է հայտնում հասարակական հիմունքներով աշխատանք իրականացնող Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը։

«Հնարավորության սահմաններում աշխատում ենք օգտակար լինել մեր բնակիչներին։ Սակայն ոչ բոլոր հարցերով ենք կարողանում բավարար պատասխան տալ։ Կապը համայնքների ղեկավարների հետ մշտապես կա, տեղեկացված ենք բնակիչների խնդիրների մասին։ Հայաստանում բնակվող բնակչության շատ քիչ մասն է աշխատում, հիմնականում՝ գյուղատնտեսության և առևտրի ոլորտում։ Պետական մարմիններում աշխատանք գտնելը դժվար է, մանավանդ, երբ ՀՀ քաղաքացի չես»,- ասում է վարչակազմի ղեկավարը։ 38.2 հեկտար տարածք ուներ Շուշիի շրջանը, որի 12.5-ը գյուղատնտեսական նշանակության հողերն էին։ 7 համայնք և 6500 բնակչություն ունեցող Շուշիի շրջանի մեծ մասը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո անցել է թշնամու տիրապետության տակ։ Խոսելով շրջանի բնակիչների ինտեգրման հարցերի մասին Գ. Հովհաննիսյանը նշեց, որ գործընթացը դժվարությամբ է ընթանում։ ՀՀ կառավարությունը շահագրգռված չէ լուծելու մեր խնդիրները՝ ասում է զրուցակիցս։ «Պետության կողմից տրամադրվող 50 հազարական դրամ աջակցությունը չի կարող լուծել կենսական նշանակության բոլոր խնդիրները։

Օրեցօր աճող արտագաղթի հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են, այսկերպ շարունակվելու պարագայում տարեվերջին բնակչության 30 տոկոսը կմնա։ Արտագաղթը կանխելու համար անհրաժեշտ է օր առաջ լուծել բնակչության բնակարանային և աշխատանքով ապահովելու խնդիրները»,- նշում է Գ. Հովհաննիսյանը։

Ինչպես տեղեկացրեց Գ. Հովհաննիսյանը, 2021 թվականից գործում է «Շուշի» բռնի տեղահանված բնակչության հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է բարեգործությամբ, բնակիչների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներով։ Կազմակերպության հիմնական խնդիրն է նախ և առաջ կանխել արտագաղթը և օրակարգում պահել Արցախ հետ վերադառնալու հարցը։

Անահիտ Պետրոսյան