Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արցախցիների «Վըսկէ ծերքեր»-ը՝ Երեւանում․ մեկնարկել է երկրորդ փառատոնը (լուսանկարներ)

Արցախցի տաղանդավոր և հմուտ ձեռքեր ունեցող կանանց հնարավորություն է տրվում իրենց  հետաքրքիր մտահղացումները կյանքի կոչել և սիրած աշխատանքն ապրուստի միջոցի վերածել։

«Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ այսօր Երևանում մեկնարկել է «Վըսկէ ծերքեր» (Ոսկե ձեռքեր) փառատոն-տոնավաճառը, որն արդեն երկրորդն է արցախցիների բռնատեղահանումից ի վեր և հավակնում է ավանդական դառնալ։  

Տաղավարները լի էին գեղեցիկ ու նրբաճաշակ աշխատանքներով։

«Ա1+»-ի հետ զրույցում «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ համահիմնադիր Լիլիթ Պետրոսյանը խոսել է կազմակերպության նպատակների, ծրագրերի մասին։

«Ընդհանրապես, այս ամենի հիմքն Արցախի մայրիկների ակումբն էր։ Ցանկացած հարցում, երբ մայրիկներն իրար սատար են կանգնում, մանավանդ դժվարին իրավիճակներում, կարողանում են օպտիմալ ելք գտնել։ Նույնն էր այս նախաձեռնության պարագայում։ Ստիպված լինելով տեղահանվել Արցախից՝ որոշեցինք, որ այստեղ պետք է ավելի մեծ թափով ու լայն շրջանակներով գործունեություն իրականացնենք՝ համախմբելով հմուտ ձեռքեր ունեցող կանանց»,- ասում է Լիլիթը։

«Վըսկէ ծերքեր» առաջին փառատոն-վաճառքը կազմակերպվել է 2023-ի դեկտեմբերին․ այն  ուներ 50 մասնակից։

«Այս փառատոնի աշխարհագրությունն ընդլայնվել է, մասնակիցների քանակն ավելացել։ Փառատոն-վաճառքին այս անգամ ներգրավվել է 65 մասնակից։ Հայտատուներն ավելի շատ էին, և մեծ դժվարությամբ ենք ընտրություն կատարել։ Այս անգամ տղամարդկանց ևս ներգրվել ենք, քանի որ նրանք ևս ձեռքի հրաշալի աշխատանքներ ունեն։ Ակտիվ վաճառք ապահովելու նպատակով փառատոնը բացօթյա ենք կազմակերպել և աշխատել ենք նաև ռուսական, արտասահմանյան համայնքներում ևս հնարավորինս տարածենք, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն։ Օրն էլ հատուկ ենք ընտրել ապրիլի 7-ին՝ մայության և գեղեցկության օրը։ Այն իր մեջ ուրույն խորհուրդ ունի»,- պատմում է զրուցակիցս։

 Տաղավարներում, որտեղ ներկայացված են տարաբնույթ ապրանքներ՝ հրուշակագործություն, սննդային արտադրություն, օճառագործություն, փայտե արտադրանք, կաշվե գործեր, թելային աշխատանքներ, տիկնիկներ, կարպետագործություն, ասեղնագործություն, արծաթագործություն, տարբեր մետաղներից պատրաստված զարդեր, խոտաբույսերով պատրաստված առողջարար թեյեր, բավականին աշխուժություն կար։

«Այս բոլոր աշխատանքներում մեծ սեր ու նվիրվածություն կա ներդրված։ Ի դեպ տոնավաճառում ներկայացրված են Արցախից բերված խոտաբույսերով թեյեր, որոնք դեռևս պահպանվել են մարդկանց մոտ, դրանցից այսօր ես նվեր ստացա, ինչը շատ թանկարժեք նվեր է ինձ համար»,- ասում է Լիլիթը։

Ինչպես նշեց Լիլիթ Պետրոսյանը՝ կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ կենտրոնը նաև վարպետության դասընթացներ է կազմակերպել, որպեսզի մարդիկ կարողանան ճիշտ ներկայացնել իրենց բրենդը ցուցահանդեսներում և թվային հարթակներում։

Փառատոնի ընթացքում կատարվել է նաև արցախյան ավանդական կերակրատեսակների հյուրասիրություն։

Նշենք, որ «Արցախի մայրիկների աջակցման կենտրոնը» հիմնադրվել է 2023թ.-ի մայիսի 5-ին՝ Արցախի շրջափակման պայմաններում։ Ներկայումս կենտրոնը զբաղվում է նաև արցախցի կանանց հուզող մի շարք խնդիրներով։