Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ապրիլին օդի ջերմաստիճանը նորմայից 2-3 աստիճանը բարձր կլինի. Գ. Սուրենյան (տեսանյութ)

«2023-24թթ. ձմեռը վերջին 57 տարվա ամենատաք ձմեռն է եղել, և օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 4 աստիճանով,- այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հանրապետությունում սեպտեմբեր, դեկտեմբեր, հունվար, մարտ ամիսներին տեղումների քանակը գերազանցել է նորման՝ կազմելով 150-180 տոկոս, իսկ մարտ ամսին առանձին հատվածներում 200-250 տոկոս։ Հոկտեմբերին, հունվարին և փետրվարին հանրապետության գերակշիռ մասերում տեղումների քանակը ցածր է եղել նորմայից»,- նշել է Լ.Ազիզյանը։

Ըստ կենտրոնի տնօրենի՝ 2024-ի ապրիլ-հունիս ամիսներին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 33-38 սանտիմենտրով՝ ինչը վերջին երեք տարիների ամենաբարձր ցուցանիշը կլինի։

«Ի տարբերություն 2023-ի մարտ ամսին այս տարվա մարտ ամսին մեզ մոտ հաճախ էին հյուսիսային լայնություններից ներթափանցոր սուր օդային հոսանքները, ինչի արդյունքում մարտի 27-28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության հովտային շրջաններում գիշերային ժամերին ունեցանք բացասական ջերմաստիճան՝ մինչև -1 աստիճան,- մամուլի ասուլիսին ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Ապրիլին օդի ջերմաստիճանը նորմայից 2-3 աստիճանը բարձր կլինի, տեղումների քանակը՝ նորմային մոտ, իսկ առանձին հատվածներում մի փոքր ավելի։ Հանրապետությունում հաստատված կայուն ռեժիմն այսօրվանից սկսած կավարտվի Միջերկրական ծովից Հայաստանին մոտեցող ցիկլոնի պատճառով, որի ազդեցությունը կնկատվի արդեն այսօր երեկոյան։ Առաջիկա  օրերին մեր երկիրը գտնվելու է այդ ցիկլոնի ազդեցության գոտում՝ մանրամասնում է Գ. Սուրենյանը։