Բացել լրահոսը Փակել լրահոսը
01
A A
Պաշտոնական

ՀՀ ԳԱԱ-ում հյուրընկալել են Վրաստանի պատվիրակությանը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը հյուրընկալեց Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը

Սույն թվականի մարտի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հյուրընկալեց Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։

Հյուրերին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ «Մենք ուրախ ենք ընդունել ձեզ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։ Մեր ժողովուրդների բարեկամությունը խորը պատմական արմատներ ունի։ Այսօր բախվելով աննախադեպ գլոբալ մարտահրավերների՝ մենք գիտակցում ենք գիտության առանձնահատուկ դերը ոչ միայն մեր քաղաքակրթության կայուն զարգացման, այլև մեր մոլորակի վրա խաղաղության պահպանման գործում։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ներդրումը միջազգային գիտական երկխոսության զարգացման գործում և ողջունում ենք դրա ընդլայնմանն ուղղված քայլերը»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։ Նա ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի գործունեությունը, Վրաստանի կազմակերպությունների հետ ունեցած համագործակցությունը։ Այդ համատեքստում Աշոտ Սաղյանն ընդգծեց Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 2018 թվականից ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի մասնակցությամբ իրականացվող «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» ծրագիրը, 2023 թվականից ՀՀ ԳԱԱ «Հայկենատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի և վրացական «Գեոբիոֆերտ» ընկերության համագործակցությունը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի և Վրաստանի գյուղատնտեսական համալսարանի համագործակցությունը՝ Միջազգային գիտության և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) 2 ծրագրերի շրջանակներում, 2022 թվականին ՀՀ ԳԱԱ

Արևելագիտության ինստիտուտի կողմից Վրաստանի վերաբերյալ մենագրության հրատարակումը։ Աշոտ Սաղյանը նշեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կենսաբանության ոլորտներում: «Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել եվրոպական գիտական ծրագրերին մեր երկրների գիտական կառույցների համատեղ մասնակցությանը, երիտասարդ գիտնականների համար համատեղ ծրագրերի մշակմանը և միջազգային միջոցառումների կազմակերպմանը»,- ասաց Աշոտ Սաղյանը։

Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն շնորհակալություն հայտնեց ընդունելության համար։ Նա իր խոսքում, մասնավորապես, ասաց․ «Ուրախ ենք, որ մեր երկու երկրների գիտությունների ակադեմիաների միջև կան լավ հարաբերություններ։ 21-րդ դարում գիտության զարգացումը շատ կարևոր է, և եթե այս ոլորտը չզարգանա, շատ դժվար կլինի մեր երկրների զարգացումը։ Դրա համար շատ ենք կարևորում գիտական տարբեր նախագծերի համար բյուջետային միջոցների ավելացումը և երիտասարդության ներգրավումը գիտության մեջ։ Գիտենք, որ երկրները միայնակ ոչինչ չեն կարող անել, անպայման պետք է լինեն միջազգային հարաբերություններ և առաջին հերթին հարևանների հետ։ Մենք պատրաստ ենք աջակցել գիտական ծրագրերի իրականացմանը, համագործակցության խորացմանը»։

Ելույթներով հանդես եկան Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի անդամ Վլադեմեր Կախաձեն և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին