«Երեք սահմանադրությունն էլ ընդունվել է օրվա նախագահի պատվերով» (տեսանյութ)
ԱԻՄ առաջնորդը շարունակում է պնդել, որ սեպտեմբերի 21-ը չպետք է տոնվի որպես Անկախության տոն։ «Բուն անկախության հետ ինքն անմիջական կապ չունի , դա ինքնորոշման միջոցառում էր»,- ասում է Պարույր Հայրիկյանը: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Պարույր Հայրիկյանի սեպտեմբերի 21-ի ասուլիսը բացօթյա է՝ Հանրապետության հրապարակում: Մեր երկրի ամենակարեւոր ձեռքբերումը նա համարում է հենց անկախությունը, երբ դառնում ես խաղացող. «Գաղթականի, ողորմություն խնդրողի վիճակից դառնում ես համաշխարհային ընտանիքի իրավահավասար անդամներից մեկը: Հաջողությունները պայմանավորված են ժողովրդի երազանքներով, արժեհամակարգով»: ԱԻՄ առաջնորդը ձախողումները չի կարող մոռանալ. «Այո մենք ստեղծեցինք բանակ, ունենք սահմանադրություն, բայց բանակն անկատար է, չունենք պահեստազոր, երեք սահմանադրություն է ընդունվել, երեքն էլ ընդունվել է օրվա նախագահի պատվերով, սա մեծագույն խայտառակություն է»: Ամենամեծ խայտառակությունը նա համարում է եվրոպական արժեքներից նահանջը. «Մեր ժողովրդին, մեզ հեռացնում են մեր արժեքային համակարգից: Քաղաքակրթական խայտառակ քայլ կատարվեց 2013 թ. սեպտեմբերին՝ Հայաստանը քաղաքակիրթ աշխարհից մեկուսացվեց ԵԱՏՄ կոչված խայտառակությամբ»,- ասում է Պարույր Հայրիկյանը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի մասնակիցներ ավելի քան 99 տոկոսն «այո» ասաց անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու հայ ժողովրդի երազանքին: Սակայն մեր քաղաքացիների մեծամասնությունը չէր երազում այսպիսի անկախության մասին: Ի տարբերություն մեծերի՝ երիտասարդներն ավելի դրական են տրամադրված: «Անկախությունը իմ եւ իմ սերունդի համար ամենավեհ արժեքն է, որ մենք կարող ենք ունենալ: Առանց անկախության մենք հիմա գոյատեւել չենք կարող: Կարծում եմ, որ իմ սերունդը կերտելու է ամենահզոր եւ երեւելի Հայաստանը, որտեղ կուզենան ապրել բոլոր հայերը»,-ասում է 17-ամյա Արամ Փոլադյանը: Հիշեցնենք, որ հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ պետություն: Առավել մանրամասն՝ տեսանյութում: