Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոման Ամոյանը պաշտոնապես հրաժեշտ տվեց մեծ սպորտին

Սպորտ
amoyan

Հայաստանի 2011 թվականի լավագույն մարզիկ, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը, այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ հրաժեշտ է տալիս մեծ սպորտին: «Ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկի կյանքում գալիս է այն պահը, որ ստիպված է լինում ավարտել կարիերան: Մարզիկը հասկանում է, որ օրգանիզմն արդեն չի ենթարկվում իրեն, հաղթանակներն ավելի դժվարությամբ են տրվում, չես կարողանում առաջվա ուժով եւ եռանդով մարզվել ու մասնակցել մրցումների: Կարծում եմ, ճիշտ ժամանակին եմ որոշումը կայացրել», - պարզաբանեց ըմբիշը: 34-ամյա մարզիկը դեռ չգիտի, թե ինչով է զբաղվելու առաջիկայում, անգամ չի մտածում մարզչական գործունեության մասին: «Այժմ ցանկանում եմ լավ հանգստանալ եւ շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս ու երեխաներիս, որը բացակայում էր ըմբշամարտով զբաղվելու տարիներին: Ժամանակը ցույց կտա, թե ինչով կզբաղվեմ, սակայն ինձ որպես մարզիչ դեռեւս չեմ տեսնում: Բայց եթե մեր երիտասարդ ըմբիշները դիմեն ինձ եւ խորհուրդներ հարցնեն ապա միշտ պատրաստակամ եմ օգնել նրանց: Չէ՞ որ ըմբշամարտում կան գաղտնիքներ, որոնց մասին տեղյակ են միայն փորձառու եւ երկար ճանապարհ անցած ըմբիշները», - ասաց նա: Ազգությամբ եզդի ըմբիշը հպարտությամբ է նշում, որ տարբեր մրցումներում իրեն հաջողվել է մեդալներ նվաճել եւ բարձրացնել Հայաստանի դրոշը: Նա միայն զղջում է միայն մեկ բանի համար, որ չի կարողացել օլիմպիական ոսկի մեդալ բերել մեր հանրապետության համար: