Ազգային ժողովի նախորդ գումարման մի պատգամավոր չնայած ընդամենը 6 անգամ է ներկա գտնվել ԱԺ- նիստին, այնուամենայնիվ նա վերընտրվել է նաեւ այս անգամ:
Դա ցույց են տալիս Քաղաքացիական զարգացման ու համագործակցության հիմնադրամի հավաքագրած տվյալները:
Այսօր հիմնադրամը կազմակերպել էր իր երկու նոր ինտերնետային ռեսուրսների` ԱԺ քվեարկության արդյունքների եւ Շահերի պաշտպանության ռեսուրս կենտրոնի վեբկայքների շնորհանդեսը:
«Քվեարկությունների արդյունքները լուսաբանող առցանց բազան հնարավորություն է տալիս լայն օգտագործողներին` լրատվամիջոցներ, շահերի պաշտպանության գործունեությամբ զբաղվող կառույցներ, տեսնել, թե ինչպես են քվեարկում ԱԺ պատգամավորները, տեսնել, թե ընդհանրապես ինչպես են մասնակցում նիստերին ԱԺ-ում, ինչպես են քվեարկում եւ օժանդակում այս կամ այն նախաձեռնություններին»,- «Ա1+»-ին www.nav.cdpf.am վեբկայքի էությունը պարզաբանեց Քաղաքացիական զարգացման ու համագործակցության հիմնադրամի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
Ըստ նրա` այդ տվյալները ընդամենը վիճակագրական տեղեկություններ են առանց մեկնաբանությունների: Կայքը անմիջապես քվեարկությունից հետո ցույց կտա արդյունքները, ինչը վերցվում է ԱԺ կայքէջից:
«Նախաձեռնությունը մերն էր, 2006թ.-ից սկսել էինք այդ ուղղությամբ աշխատել: Բան այն էր, որ տարբեր շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցներ, երբ փորձում էին այս կամ այն կուսակցությանը աշխատանք տանել, դժվարություններ էին ունենում, որովհետեւ չունեին հիմքում տեղեկություններ, որը թույլ էր տալիս ասել, որ այս կուսակցությունը ավելի շատ օժանդակում է այս տիպի խնդիրների լուծմանը: Այս պատգամավորը այսպիսի դիրքորոշում ունի, որ արտահայտվել է իր քվեարկությունների արդյունքով եւ իր ձայնը տրամադրելու արդյունքով: Որ լինի տվյալներ, որ հետո օգտագործվի»,-ասաց Ժիրայր Էդիլյանը:
Իսկ վերլուծություն արվե՞լ է, թե որ պատգամավորը որ հարցի վերաբերյալ ինչպես է խոսում, իսկ հետո ինչպես քվեարկում` հարցին նա պատասխանեց, թե. «Նախորդ գումարման ԱԺ տեղեկությունները, երբ փորձում էինք համատեղել, պարզվեց, որ երկու պատգամավոր ունեինք, որը ոչ մի նիստի չէին մասնակցել: Այդ այն հետաքրքրիր տեղեկությունն է: Խմբեր կային փոքր եւ միջին բիզնեսի, որոնք որ ուզում էին տեսնել, թե որ կուսակցությունը ինչ դիրքորոշում ունի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հարցերի շուրջ եւ իրենք այդ տեղեկությունները ստացան, նայեցին, կարողացան ավելի ճիշտ որոշել, թե որ կուսակցության հետ ինչպես է պետք աշխատել»:

