Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՆԱԽԱԳԱ՞Հ

Քաղաքականություն

Պարույր Հայրիկյանը հերթական անգամ մասնակցելու է նախագահական ընտրություններին եւ հույս ունի անցնել 2-րդ փուլ: Չնայած համոզված է , որ այսօրվա դրությամբ հաղթելու իրական շանսեր ունի միայն Քոչարյանը:Այդ դեպքում, նախապես պատկերացնելով իրավիճակը, ինչո՞ւ եք գնում ընտրություններին հարցին Հայրիկյանը պատասխանեց. «ԱԻՄ-ի թեկնածուն բոլոր 3 նախագահական ընտրությունների ամենակայուն ընտրազանգվածն ունեցողն է , որ ապացուցել է նույնիսկ առանց իշխանական լծակների մեծ աշխատանքներ կատարելու իր ունակությունը»:

Պարույր Հայրիկյանին արդեն աջակցություն են հայտնել մի խումբ մտավորականներ ու արվեստի գործիչներ: Նրանց ցուցակը Հայրիկյանը խոստացավ հրապարակել 100 հոգի լրանալուն պես: «Ինձ պաշտպանողներն այնպիսի մարդիկ են , որ ես պարտավորված եմ զգում արդարացնել իրենց հույսերը», - խոստովանեց նախագահի թեկնածուն: Ինչ վերաբերում է Քոչարյանի հնարավորություններին, ապա դա օրինաչափ է համարում Պարույր Հայրիկյանը, գտնելով , որ գործող նախագահն իհարկե առավելություններ ունի մյուս թեկնածուների նկատմամբ:

Շուտով կկայանա ԱԻՄ-ի 22որդ համագումարը, որը կանցնի խիստ աշխատանքային մթնոլորտում: Համագումարի աշխատանքներին կհրավիրվի միայն ՀՌԱԿ-ը, մյուս կուսակցությունների ներկայացուցիչների համար տեխնիկական պատճառներով ԱԻՄ-ը տեղեր չի նախատեսել: ՀՌԱԿ-ի հանդեպ հատուկ վերաբերմունքը Հայրիկյանը բացատրեց այդ կուսակցության ազատական գաղափարներով ու նաեւ ընտրական օրենսգրքի վերաբերյալ նմանատիպ մոտեցումներով: Նկատենք սակայն , որ ԱԻՄ-ը այդ իմաստով համակարծիք է նաեւ ՀՅԴ-ի եւ կոմկուսի հետ, սակայն նրանց չի հրավիրել համագումարին:

Պարույր Հայրիկյանը խոսեց նաեւ հանրապետությունից արտագաղթի ծավալների, ներգաղթի ուղղությամբ չարվող քայլերի, օտարալեզու գովազդների, հայերենի ուղղագրության, ինչպես նաեւ Լենին - Աթաթուրք հակահայկական եւ միջազգային բոլոր օրենքներով ապօրինի պայմանագրի չեղյալ հայատարարելու անհրաժեշտության մասին: