Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԷԼ ՄՏԱԾՈՒՄ ԱՆԴԱՄԱՎՃԱՐԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքականություն

Հայաստանը միջազգային կազմակերպություններին չի վճարել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի անդամավճար: Արդեն իսկ մոտ 1 մլն ԱՄՆ դոլարի անդամավճար չմուծելու պատճառով Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում զրկվել է ձայնի իրավունքից: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանը տեղեկացնում է, որ կա պայմանավորվածություն պարտքը չափաբաժիններով մուծելու վերաբերյալ: Որպես սկիզբ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կվճարի 50 հազար ԱՄՆ դոլարի անդամավճար եւ կվերականգնի ձայնի իրավունքը:

Ներկայումս Հայաստանը մոտ 60 միջազգային կազմակերպության անդամ է: Թաթուլ Մարգարյանը բացատրում է, որ մեր պետությունը չի էլ մտածում անդամավճարային բոլոր պարտավորությունները կատարելու մասին: Ըստ նրա, Հայաստանը մուծելու է միայն այնպիսի կազմակերպությունների անդամավճարը, որտեղ ցանկանում է ձայնի իրավունք ունենալ /ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ԱՊՀ եւ այլն/: Մյուս միջազգային կազմակերպություններում Հայաստանը այս պահին պատրաստ է զրկվել ձայնից՝ պահպանելով դիտորդի կարգավիճակը: